суббота, 20 сентября 2014 г.

Շքեղ գեղեցկուհին


Նա այնքան խառնակիճն էր ու խորամանկ, որ ամեն ինչ արեց պլանավորած ու սահուն։ Այդ պրոֆեսիոնալիզմով ինձ այնպես թռցրեց, տարավ մյուսի ձեռքից,  որ իմ "հավիտենական սերն" ապշած մնաց։

Քառակուսիս այնքան արագ էր լուսավորվում նրա կայծակներով, որ կարծես մի ամբողջ նկարահանող խումբ ինձ լուսանկարելիս լիներ։ Չէի էլ հասցնում դիրքս փոխել ու չրխկ․․․ չրխկ․․․ չրխկ․․․
Սարսափելի կրքոտ ու անտանելի ցանկալի այս գեղեցկուհին։ Ամեն տարի նույն պատմությունն է գլխիս բերում։ Նրա մեծ ու սև աչքերն անընդհատ կանչում են, ձգում ու գերեվարում ինձ։ Չմտածել նրա մասին անզոր եմ ու պետք է կա՛մ ինքնասպան լինեմ, որ չտանջվեմ, կա՛մ էլ համակերպվեմ նրա գոյության հետ։
Վարսերը սև կրակի պես ժայթքում են գլխից ու ջրվեժի պես թափվում մերկացած ուսերին։ Անձրևի կաթիլները երբեք չեն չորանում նրա ո՛չ թափանցիկ, ո՛չ էլ թուխ, այլ աստվածային մաշկի վրա։ Նա միշտ թաց է, կաթիլներով զարդարված ու այդ կաթիլներն այնպես են փայլում, կարծես մարմնին շարված ադամանդներ լինեն։ Դրանք ծակում են աչքերս, բայց ստիպում են անդադար ըմբոշխնել այդ մարմինը, եթե չսիրել մարմնով, ապա գոնե աչքերով վայելել նրան։
Պարանոցը մոմի պես հալվում է աչքերիս առաջ, կյանքը ծորում է նրա աչքերից ու խավարում է շուրջս։ Լուսավոր է միայն ինքը։ Սլացիկ ու առինքնող, անբռնազբոս մտքերով ու գազանացած երևակայությամբ եփվում է ու եփում ինձ ներսից ու դրսից։
Նա պարզապես աստվածուհի է, ում չենթարկվելն անհնարին է։
Շուրթերը գծած են քանոնով ու կարգինով, այնքան կատարյալ, որ կվախենայի շոյել դրանք շուրթերովս՝ հանկարծ չվնասելու համար։ Նրա տրամադրությունն այնքան արագ է փոխվում, որ չեմ հասցնում ադապտացվել դրան։ Մեկ միապաղաղ մեղեդի է, մեկ էլ սիմֆոնիկ նվագախմբի ֆորտե կուլմինացիա։

 Կաթիլները ծորում են փորի վրայով, դրանց փոխարեն հայտնվում են այլ կաթիլներ։
Հպում․․․                                                                                              

Նա եկավ ու բաժանեց ինձ իմ սիրուց։ Մի քանի օր շարունակ ինքնամոռաց փնտրում էի Լուսնին։ Կարծում էի, որ մի տեղից մի ինչ-որ նշան կտա․ չի՛ հեռացել։ Բայց օրերն անցնում էին, ամպերը շատանում, հույսը՝ մարում։
Լուսինը հեռացավ։ Այն երեկոները, երբ կարող էի պատմել քեզ նրա մասին այն ամենն ինչ արգելված էր, անում էի դա հաճույքով, առանց դրվագ անգամ թաքցնելու։ Չէ որ չպատմել գեղեցիկի մասին, նշանակում է դավաճանել այդ գեղեցիկը։ Իսկ ես, խղճուկս, ապրում եմ սնվելով գեղեցիկից։ Եթե չստանամ բնության՝ մարդուն ընծայած այդ հրաշքը, կնշանակի, որ այլևս դադարել եմ զգալ ու ապրել։ Քանի դեռ բնազդներս գործում են, տեսնում եմ, լսում, ընկալում ու ասել գիտեմ, միշտ պետք է գովաբանեմ այդ ընծաները։
Լուսինս գնաց։ Մտածեց, որ իր ժամանակը սպառվել է։ Գուցե հոգնել էր իմ գովքից կամ էլ շատ էր երես առել դրանից ու մտածեց, որ ինքը չափազանց լավն է իմը լինելու կամ ինձ տանելու համար։ Չգիտեմ հիմա ում համար է փայլում, բայց ինձ համար հաստատ լույս չի տալիս։ Նրան ծածկեց Աշունը․․․
Հմմմ․․․ անտանելի տիպ է, բայց հո երևույթ չէ)))
Առաջին անգամ հենց այսօր ինձ հյուր եկավ։ Իրական աշնանային անձրևն ու կայծակը։ Հիշեցրեց, որ ինձ չի մոռացել ու ամեն տարի գալու է, որ գրեմ իրեն։ Շուտով կակտիվացնի ինձ իր սիրով։ Մի անկողին ունենք։ Իմ քառակուսիում հաստատ տեղ չի անի։ Բայց իր կլորում՝ հաստատ։
Դեղին վերմակը սկսում է կարել սեպտեմբերի սկզբին ու արդեն սեպտեմբերի վերջում դեղնած տերևներով մեր փափուկ անկողինը պատրաստ է։ Մտնում ենք դրա տակ ու․․․
Չ՛է, խոսում ենք։ Պատմում է, թե նախորդ տարվա ընթացքում, երբ ես սիլիբիլի էի անում գարնան ու աշնան, Լուսնի ու Վեներայի հետ, ինքն ինչեր է տեսել ու տարել։ Ցույց է տալիս նոր սպիները, որոնք զարդարում են իր շքեղ մարմինը, պատմում երկրպագուների ու անքուն գիշերների մասին։ Համբուրում եմ աչքերը, պարանոցը, գրկում նրան պինդ, որ զգա այստեղ եմ ու լռում․․․

Հետո դուրս ենք գալիս դեղին տերևներով վերմակի տակից ու զբոսնում էդ վերմակի վրայով, մինչև ուժասպառ փռվում ենք գետնին ու նայում դատարկ երկնքին։

Աշունը կմնա ինձ հետ դեռ երկու ամիս։ Ցավոք, նրա վերմակը ձմռանն ինձ չի տաքացնի։ Ինքն էլ, ամենայն հավանականությամբ, կգնա, որովհետև ճանապարհ ունի անցնելու, որ հաջորդ տարի կրկին գա ու ինձ պատմելու բան ունենա։
Սակայն, մինչ այդ պետք է հասցնեմ վայելել գոնե այն փոքր շրջանը, որ ինձ է նվիրում, միայն ինձ ու բացառապես ինձ։ Շատ դեպքերում ավելի հանդուրժող է, անկեղծ ու անմիջական, քան Լուսինը։ Երբեք ծուռումուռ ճամփեքով ինձ բան չի հասցնի, կլինի ուղիղ ու լակոնիկ։

Ձմեռը մոտ է, գնամ վայելեմ իմ Աշնան կիրքը․․․  
    

Комментариев нет: