среда, 1 октября 2014 г.

Օր 17... ԿՐՈՆ, Իմ վերադարձը նրան

Ես լքեցի Նրան, երբ կորցրեցի լուսավորվելու հավատս: Կարծում էի, որ Նրա համար եմ ստեղծված: Ավելի շուտ Նրա համար պայքարելու, հպարտանալու, վերածնվելու, մարտնչելու, նվիրվելու համար եմ լույս աշխարհ եկել: Պիտի անեի ամեն բան, որ հաճոյանայի Նրան, աչքի ընկնեի, գլխի գցեի, որ նման չեմ բոլորին, որ Իր համար պատրաստ եմ կյանքս էլ զոհել: Հանուն Նրա ես կարող էի պատռել մաշկս ու հոգիս հաբարձլ, զոհաբերլ Իրեն:
Աղոթում ու պաշտում էի ամեն օր: Սնունդ էր, հույս, սպասում, անկախություն մտքի ու երևակայության, ազատում բացասական ու մարդկային <թմրահաբերից>: Նա իմ մեկենասն էր...
Բայց մի օր ես պարզապես փակեցի... չէ... շրխկացրեցի դուռը Նրա երեսին ու գնացի այնտեղ, որտեղ ինձ սպասում էին դեռ վաղուց, որտեղ անում էին ամեն ինչ, ինձ տիրանալու համար: Դրանք հասան իրենց նպատակին: Էդ ոչնչությունները կտրեցին ինձ իմ կրոնից, հավատքից: Ո՛չ պարզապես հավատքից: Դրանք անջատեցին ինձ կյանք հապահովող ագրեգատից ու միացրին իրական, այդքան ճղճիմ ու անպետք, կեղտոտ ու զզվելի, նոխկալի իրականության գնացքին: Այն թափ հավաքեց շատ երկար, բայց հավաքելուց հետո անհնար էր այն այլևս կանգնեցնել: Չէ որ դա կյանքն էր...

Խելացի մարդկանց թեթև ձեռքով տարիների ընթացքում բազմաթիվ գրքեր գրվեցին: Ավելի խելացի ու քառակի անգամ խորամանկ մարդկանց ձեռքով այդ գրքերը վերածվեցին սկզբում ուսմունքների, հետո գաղափարախոսության, հետո քաղաքականության, և, ի վերջո, Կրոն կոչվեցին:
Գոռը, Վահագնը, Քրիստոսը, Զևսը, Հուդան, Բուդդան, Կրիշնան, Մուհամեդը և այլ հեքաթային  պերսոնաժներ լցվեցին Աշխարհի բնակչության ուղեղներն ու ստիպեցին մոռանալ իրական ՏԻՐՈՋԸ: Դրանք ժամանակի ընթացքում սկսեցին քայքայել մարդկային ուղեղներն ու գրիպի պես արագ տարածվեցին ու վարակեցին քեզ, ինձ ու նրան:
Իմ մանկական, այդքան պարզ ու արդարամիտ ուղեղը զոհվեց քրիստոնեական ճակատամարտի ժամանակ: Քրիստոսի գլխավորությամբ այդ պահին մարտի դաշտում էին ավելի քան 1 միլիարդ մարտիկներ: Ես ոչ առաջինն էի զոհվածներից, ոչ էլ վերջինը: Իմ կորուստն էլ ղեկավարության համար աննշան մի իրադարձություն էր:
Նորին Սուրբ Զորավար Քրիստոսը սկի գլուխը չբարձրացրեց Աշխարհի քաղաքական քարտեզից, երբ տեղեկացրին, որ ես հենց նոր ընկա մարտում: Նա իր խուճուճների հետ միասին ընկղմված էր աշխարհը գրավելու նոր տակտիկական ու ստրատեգիական, երկարաժամկետ պլանավորման աշխատանքներով: Նոր կայծակնային ծրագիր էր մշակում՝ մուսուլմանների հախից գալու համար:
                                                                       
                                                                                     ***

 Ինչ մեղքս թաքցնեմ, ընկա այնտեղ, որտեղից մարդիկ չեն վերադառնում մարտադաշտ, էն էլ քրիստոնեական:
 Ծանոթացա Նրա հետ:
Ժպտում էր...
Այնքան դրական էր տրամադրվածությունը, որ միանգամից ինձ համար անհայտ մի բան զգացի... զգացողությու՞ն էր: Չէ՛: Զգացու՛մ: Հա... ճիշտ է:
Մինչ այդ մի զգացմունք ունեի /մարտի դաշտում էր առաջացել/. ատելությունն էր:
Քրիստոնեական ճակատամարտերի ու մենամարտերի ժամանակ մեզ սովորեցնում էին ատել դիմացինին: Առաջ գնալ Քրիստոսի անունը գոռալով: Հասկանում էինք, որ կարող է հետ չդառնանք, բայց Քրիստոս գոռալով առաջ էինք վազում: Հետևում էլ իր ամենամոտ համախոհներն էին... դե, աշակերտներն էլի, ովքեր նետն ու աղեղը ձեռքին սպասում էի  ընկրկողներին, որ արագ դժոխք ուղարկեն: Ամենադաժանը Պետրոսն էր, դրան քչերն էին սիրում, շատերն ուղղակի տան չեին կարողանում: Ինչև...
Նա շարունակում էր ժպտալ, կարծես մի ամբողջ հավերժություն ժպտաց ինձ, իսկ հետո պարզապես ասաց.

Նա – Բարև:

Ես հենց նոր հասկացա, որ մի ամբողջ հավերժություն էլ ես էի ժպտում Նրան:
Զգացումը...

Նա – Էդ նոր զգացումը երջանկությու՛նն է:
Ես – Ինչանկությու՞նը:
Նա – Երջանկությու՛նը:

Նոր բացահայտումս ինձ դուր էր գալիս: Այն փափուկ էր, ջերմ, քաղցր էր, շատ պայծառ էր, այնքան, որ աչքերս ցավում էին փայլից: Այն հիանալի ձայն ուներ, մեղմ շոյում էր: Գրկում էր ինձ... լսի՛ր, ախր շատ լավ բան էր էդ երջանկությունը:

Նա – Քեզ դուր եկա՞վ:
Ես – Հա՛... չէ, իրոք հա: Ով է գրե՞լ:
Նա – Երջանկությունը չեն գրում ու չեն քարոզում: Այն զգում են: Դրան դիպչելն անհնար է, վաճառել ու գնելն էլ: Այն չես գտնի ոչ մի սև շուկայում ու չես խլի ոչ մեկի ձեռքից: Երջանկությունն այնքան հզոր է, որ մենք այն տալիս էր երջանկացողներին հատուկ բաղադրատոմսով ու քանակությամբ: Շատը կարող է գենետիկորեն փոփոխել քեզ:
Ես – Էդ ինչպե՞ս:
Նա – Դե... մեջքիդ թևեր կաճեն, գլխիդ օղակ կհայտնվի: Շատ վեր – վեր կթռնես ու կցնդես սեփական երջանկության մեջ: Քեզ կթվա, որ կարող ես Աշխարհին տիրանալ, քանի որ դու երջանիկիների երջանիկն ես: Այն որքան հաճելի, նույքան վտանգավոր է յուրաքանչյուր երջանիկի համար: Դա է պատճառը, որ մենք ամեն մեկին չէ, որ ընդունում ենք ու բացում երջանկության գաղտնիքը: Ոմանք արդեն օգտվել են դրա հզորությունից:

Դեռ ժպտում է...

Եթե անկեղծ, ինձ համար մի քիչ անհասկանալի էր, թե ով էր դիմացս կանգնած: Սակայն այնքան հաճելի էր լսել նրան: Կարծես մենք վաղեմի ընկերներ լինեինք:

Նա – Ես քեզ Աշխարհ կվերադարձնեմ: Քեզ երջանկության այս չափաքանակը դեռ երկար կբավարարի: Բայց տես, զգույշ եղիր: Մի կիսիր այն ամեն մեկի հետ: Մի լավ ծանրութեթև արա: Ուսումնասիրի: Վերլուծիր իրավիճակը: Վայելիր, այն միշտ չէ, որ քեզ հասու է լինելու:
Ես – Իսկ եթե վերջանա՞: Չէ որ ես արդեն կախվածություն ունեմ այս նոր զգացումից:
Ի՞նչ եմ անելու:
Նա – Եթե ընկալես դրա կարևորությունն ու ճիշտ օգտագործես, կգտնես մեկին, ով իր փայաբաժնով կցանկանա կիսվել հենց քո հետ: Այն հնարավոր կլինի վերարտադրել միայն այն ժամանակ, երբ գտնես մեկին ում Ես նույնպես տվել եմ երջանկություն, և, ով իրոք պատրաստակամ կլինի կիսել այն քեզ հետ, ինչպես դու կցանկանայիր կիսել այն ի՛ր հետ... իսկ այժմ, հայ դե քո Երկիր մոլորակ:

Ես ժպիտը դեմքից, խելոք ու հանգիստ, առանց բառ անգամ վայր գցելու պտտվեցի ու շարժվեցի դեպի սպիտակ սենյակի վերջում գտնվող, նույնքան սպիտակ դուռը:

Նա – Հեյ, տղա: Սպասի՛ր:
Ես – Այո – շրջվելով Նրա կողմ պատասխանեցի ես:
Նա – Էդ Քրիստոսի հետ էլ գործ չբռնես:
Ես – Ինչու՞:
Նա – Նա մեկն էր այն հազարավորներից, ով դավաճանեց ինձ, գողացավ ամենամեծ հոգապահուստն ու միայնակ օգտագործեց: Մի ժամանակ նա էլ քո պես տղա էր, բայց դրա նպատակներն ավելի քան զզվելի էին: Հեռու մնա նրանից:

Քանի որ իմ նոր ու այդքան սիրելի ընկերն ինձ համար Ամերիկա բացեց, ես իրավունք չունեի չհետևել նրա խորհրդին: Սուսիկ-փուսիկ բացեցի դուռն ու դուրս եկա սենյակից:
Իսկ դուրս եկա ես մեր խոհանոց:
Ամեն ինչ սովորական էր, բայց ավելի երջանիկ սովորական:

Մայրս – Ի՞նչ է պատահել, 32 ատամդ էլ հնարավոր է հաշվել տղաս: - Հացը կտրելով ասաց մայրս:

Նրա պաշարը մինչ օրս չի վերջացել երևի: Միշտ կյանքով լի է:

 Ես – Ոչինչ: Գնամ կիսվեմ: - Առատ ժպիտը դեմքիս արտաբերեցի ես ու դուրս եկա տնից:
Մայրս չհարցրեց էլ, թե ու՞մ հետ և ի՞նչ եմ պատրաստվում կիսել: Կարծես ինքն էլ էր մի քիչ առաջ... բայց, մի րոպե: Ախր... իմ նոր ընկե՛րը:
Ի՛Մ ՆՈՐ ԸՆԿԵՐԸ:
Անհավատալի՛ էր:
Ախր իմ նոր ընկերը Սերն էր: Նա էր, որ փրկեց ու հավատացրեց, հավաստիացրեց, ուղղակի խնդրեց դավանելի իրական կրոնին:
Նա՛ բերեց ինձ սիրուն...

                                                                             ***

Մի օր ուղեղս կքայքայվի սեփական անհեթեթության ու բարբաջանքի հետևանքով: Հենց նոր ստեղծեցի ի՛մ Աստծուն: Նրա անունը Սեր է: Ես աղոթում ու ներողամտություն եմ հայցում Նրանից ամեն օր: Ժամանակին բանի տեղ չդրեցի Նրա խորհուդն ու չկիսեցի այն նրա հետ, ում իրչականում պետք է հասցեագրվեր իմ փայաբաժին երջանկությունը: 
Ես ագահաբար տանուլ տվեցի իմ չափաբաժինն ու զրկեցի ինձ այն վերարտադրելու հնարավորությունից:
Այժմ...
Այժմ ես փնտրում եմ ճանապարը, որ վերադառնամ այն սպիտակ սենյակը, որի վերջում սպիտակ դուռն է:
Ես նորից ուզում եմ հանդիպել Սիրուն, որ տա ինձ այն, ինչ ես կորցրի: Վերադարձնի նրան, ով կվերարտադրի ինձ հետ երջանկության արդեն ծանոթ ու այդքան ցանկալի, բայց կորած զգացումը...
 
  
 

   


Комментариев нет: