суббота, 11 октября 2014 г.

Օր 27... Վերջ

ԵսՀլա՛, ասա խփնված։
ՆաԱյ խփնվա՛ծ։
ԵսԱրի գրկեմ․․․)))

ՍԵՐԵրբ քո մեջ է ապրում նրա տիեզերքը։

Տիեզերք - Անեզերք
Աշխարհի ամենախոսուն ու ամենագեղեցիք բառերից մեկն է։ Իր խորությամբ ու նշանակությամբ այն նույնքան ազատություն է պարգևում ինձ, որքան անսահման է հենց ինքը։
 

Աչքերս կլանում էին էներգիան, որ վերարտադրվում է ամեն գիշեր։ Ու վերարտադրվում է իմ հայացքից, որ հաջորդ գիշեր ինձ նորից տալու բան ունենա։ Խոստովանությունս
 կամուրջին կանգնած ամաչկոտ տղայի դողդողացող խոսքերն էին, որոնք թրջված էին ամպերից թափվող կատիլներով։ Միայն խշշոցն էր լսվում շուրջս ու կամրջի տակ հոսող ջղայն գետի գոռգոռոցը։ Այն կարծես ջղայն պահակ լիներ, ով մեզ ուշ գիշերով բռնացրել էր պատկերասրահի նստարանին համբուրվելիս և, ումից, կարծես, պետք է փախնեինք ուրախանալով և ուրախանայինք, որ գիժ ենք։
Մեր պատկերասրահը լի էր նկարներով։ Դրանցից որոշները հիասքանչ կատարաված ու գույներով հագեցած կտավներ էին, որոնք կերտվել էին մեր երջանկության պահերին, որոշներն էլ՝ խամրած ու վանող գործեր, որ ստեղծվել էին ատելությունից։
Բայց այդ պատեկրասրաը մերն էր, որքան էլ տարբեր էր, որքան էլ փոքրիկ։
Իսկ մեզ մեծը պետք էլ չէր։ Այս աշխարհում մեզ բավական էր ընդամենը մի մարդու տեղ, որովհետև մենք երկուսը չէինք, այլ մի ամբողջական էակ։ Մեզ բավարար էր մի ափսեն ու մի գդալը, մի անկողինն ու մի բարձը, մի Արևն ու մի Լուսինը։ Երկրորդը հաստատ ավելորդ կլիներ։

Կամուրջը ճոճվում է, ինչպես ճոճվում է մեր ամբողջ սիրտը, այն ալեկոծ է, ինչպես մեր ամբողջ հոգին, այն պարզ է, ինչպես մեր ամբողջ միտքը։ Ձեռքը բռնելու կարիք էլ չկա, որովհետև մենք ձուլված ենք։ Շուրթերն էլ գրավելու պետքը չունենք, նրանք նույնն են։
Միայն աչքերն են տարբեր, որ վայելքն անսահման լինի։ Որ տեսնենք ու չհավատանք, որ չհավատանք ու համոզվենք, որ համոզվենք ու շարունակենք նայել, շարունակե՛մ նայել նրա զույգ ծովերին, որտեղ լողում է իմ փոքրիկ նավակը, այն նավակը, որ այդ աչքերում իրեն ամահով, վստահ է զգում ու հեռանալ հաստատ չի ուզում։

Քիչ զգացմունքային լինել չեմ կարող։ Իմը չէ։ Գուցե ինքս ինձ համոզեմ, որ չոր մարդ եմ, որ եթե չոր էլ չեմ, ուրեմն պետք է լինեմ։ Ինչու՞։ Որովհետև ապրել աշխարհում, որտեղ զգացմունքը փոշիացած լեգենդ է, որին վաղուց դադարել են հավատալ, նշանակում է լինել կույր ու ողորմելի անտուն, ում առաջ ոչ մի դուռ չի բացվում։
Այդ դուռն իմ առաջ չբացվեց։ Միայն տպավորություն էր, որ ինձ ներս թողեց։
Հիմա պիտդ փակած աչքերս բաց են ու լցված։ Զգացմունքն է, ինձ անտեր թողած։


Չորս նկար կյանքիս երեք հարազատ դարձած վայրերից։ Եվ մի հարազատ դարձած Լուսին, կյանքիս երեք վայերում։

Այս գրառումս գուցե վերջինն է։ Այսօր ավարտվեց իմ գերությունն այդ երեք վայրերից մեկում, որտեղ ընդամենը չորս պատ է։ Պետք է դուրս գամ երեքից մյուսը, որ կարողանամ ապրել այնպես, ինչպես բոլորն են ապրում, սակայն չեմ մոռանա վերադառնալ երրորդ վայր, որտեղ դեռ երկար կապրի իմ միտքը։ Չեմ մոռանա, չեմ հեռանա, չեմ հուսահատվի, չեմ չարանա ու չեմ դադարի զգալ, որովհետև ուզում եմ, որովհետև հաճելի է ու տաք։

Ասելիքս շատ է, բայց այսօր գրելով չեմ թեթևանա։ Նշանակում է,,, պետք է զբոսել։
Գնամ, որ այս անգամ հաստա՛տ վերադառնամ։






      
   

Комментариев нет: