вторник, 10 марта 2015 г.

Ճաղեր (մաս 3)

Ես կարծես կորցրած լինեի մեկ տասնամյակ կուտակած իմ բոլոր պրոֆեսիոնալ ունակությունները։ Գիտեի, որ հապաղելու վայրկյան անգամ չկա, բայց չգիտեի, թե ինչից սկսել։ Չգիտեի, որովհետև առաջին անգամ իմ կյանքում բախվեցի ամենամոտ հարազատներիս տարօրինակ անհետացմանը։ Այդ հարազատներից մեկն ազգային անվտանգության լեգենդներից է։ Նրա հետ չէին կարող ոտք մեկնել նույնիսկ ամենափորձառու հետախույզներն ու գործակալները։ Եթե նա որևէ բան էլ արել է ուժի կիրառման ու վախի ներքո, ապա որևէ կերպ կփորձեր ինձ հուշում թողնել, սակայն ես խիստ կասկածում եմ, որ գեղեցկուհիս կարող էր կուլ գնալ նույնիսկ ամենահամարձակ օլիմպիական մարզիկի հարյուրավոր հնարքներին․․․ կամ նույնիսկ իր գործընկերների պես պրոֆեսիոնալների մանիպուլյացիային։ Պետք է մտածել, կենտրոնացիր Դավիթ։ Կենտրոնացիր փաստերի՛ վրա։ Տես անտեսանելին, փորձիր վերլուծել։ Սթափ եղիր։ Զգացմունքներին մի տրվիր։ 
Տանն ամեն ինչ իր տեղում էր։ Գազոջախն անջատած է։ Ինձ սպանելու փորձի և ոչ մի հավանական նշան չկա։ Գազոջախն անջատված է։ Դեղերն իրենց տեղերում են։ Խոհանոցի դանակները չեն պակասել, դրանց նույնիսկ ձեռք չեն տվել։ Նրան նվիրածս խոհանոցային 16 դանակներն էլ տեղում են, մենք դրանք երբեք չեինք օգտագործել։ Պատուհանները փակված են։ Դիմացի շենքերի բոլոր հարևաններին անձամբ եմ ստուգել մինչև բնակարանը գնելը։ Բժիշկներ, իրավաբաններ, ոստիկաններ, բայց ոչ ոք չկար գործակալությունից կամ որևէ կառույցից, որի հետ անմիջականորեն առնչվել ենք։ Մեր հարևանները, բոլորը․․․ բորսայի՝ թեկուզ հաջողակ, բայց սկսնակ տնտեսագետներ են։ Նրանք հաստատ անվնաս էին։
Ննջասենյակում միակ ձեռք տված կահույքը անկողինն էր, որովհետև միակ բանն էր, որ օգտագործել էին միասին այսօր․․․
Ոտնահետքերը բացակայում էին, միայն նրա բարձրակրունկների ծակած մի քանի անցքերը՝ հյուրասենյակի փայտե հատակին։ Երկու բաժակ՝ գինու մնացորդներով ու նրա շրթներկի հետքերով։ Նրա բանալին չկա։ Ինքն անձամբ է բացել դուռն ու հեռացել․․․ կամ․․․։ Միևնույնն է, չեմ հավատում, որ նրան կարող էին ստիպել։ Եվ մի բան կա, որ ինձ հանգիստ չի թողնում։ Ես երբեք այնքան խորը չեմ քնում, որ չզգամ, թե ինչպես է որևէ մեկը շրջում տարածքում, նույնիսկ առանց ոտնամանի։ Իսկ նրա հողաթափերը կոկիկ դրված էին անկողնու կողքին։ Միայն ինքը կարող էր աննկատ, առանց ձայնի, առանց անհանգստացնելու արթնանալ ու․․․։
Բայց։ Նամա՛կը․․․
"Չ՛փնտրես ինձ, անիմաստ է։
                                                         Լուսին"
Միակը, ինչն ինձ կարող է օգնել։ Ձ-ի ու Ն-ի պոչիկներն իրենն են։ Ձեռագրաբանականով՝ ինքն է։ Կետադրական բոլոր նշանները դրված են․ ինքն է։ Լակոնիկ է, պարզ․ կրկին ինքն է։ Սակայն ինքն ամենածայրահեղ դեպքերում էր օգտագործում կեղծանունը, երբ մեզանից որևէ մեկի անվտանգությունը կասկածի տակ էր, երբ երեխաներին արագ պետք  էր թաքստոց հասցնել կամ, երբ երկուսիցս մեկը պատիվ էր ունենում մի քանի ժամով ընկնել ներքին անվտանգության ծառայության հսկողության տակ։ Սակայն նամակի հոգեբանությունն ուսումնասիրելիս ես չգտա լարվածության որևէն նշույլ, բոլոր բառերի տառերը համահունչ էին, բառերի հեռավորությունը միմյանցից՝ միանման։ Դասավորվածությունը կասկած չէր հարուցում։
ԼՈՒՍԻՆ։ Սա միակ բանն է, որից ես կարող եմ բռնվել։ Ձեռագրում չկա լարվածություն, բայց կա տագնապի ազդանշան։ Միգուց իրավիճակն այնպիսին էր, որ ինքը միայնակ կարող էր դուրս գալ դրանից, բայց ամեն դեպքում փորձել է տեղյակ պահել ինձ։ Սակայն ինչու՞․․․ սրա մերը, ինչու՞ չփնտրեմ նրան այլևս, ինչու՞ է անիմստ նույնիսկ փորձել անել այդ։ Այս պարագայում ոչ միայն ինքն է վտանգի տակ, այլև երեխաներս։ Նա պարտավոր էր ինձ մանրամասն ասել իրողությունը, որովհետև մեզանից որևէ մեկը միայնա՛կ չէր հայտնվել անելանելի իրավիճակում, դրանում ներքաշված էին նաև մեր բալիկները։
Եթե այս ամենի մեջ ներքաշված են կողմանկի անձինք, ապա ես այժմ հսկողության տակ եմ։ Ըստ տրամաբանության նրանք պետք է վերահսկեն իմ բոլոր գործողությունները։ Իմ տեղաշարժը պետք է ֆիքսվի վայրկյան առ վայրկյան։ Էական չէ, տանն եմ քայլում, թե՛ դրսում, շենքի միջանցքներում, թե՛ պատշգամբում եմ։ Եթե այս ամենը պլանավորված է, ապա   
նրանք գիտեն, թե ովքեր ենք մենք, ինչի ենք ունեակ և ինչ հմտությունների ենք տիրապետում։ Նրանք պետք է հաշված րոպեների ընթացքում կազմեն իմ հոգեբանական պատկերը։ Ի՞նչ եմ պատրաստվում անել, ու՞մ եմ փորձում զանգել, իմ նախաձեռնությունը դառնալու է նրանց աշխատանքային քարտեզը։ Իմ ու Լուսնի թաքսնոց-բնակարանը տեղակայված է հին բարձրահարկում՝ T-աձև խաչմերուկի վրա։ Շենքի դիմաց "Միասնության" այգին է։ Քաղաքի կենտրոնն է, բայց այն անհամեմատ ավելի հանգիստ թաղամաս է, քան բիզնես սիթիի նորակառույց բնակելի երկնաքերների թաղամասը։

Փողոցում կայանված չորս մեքենա կա։ Դրանցից երկուսը տաքսիներ են, մեկը՝ աղբահանման մեքենա, մյուսը՝ փոստային գործակալության միկրոբեռնատար։ Եթե էս գործում խառնվածները պրոֆեսիոնալներ են, ապա նրանք աղբատար մեքենայում են։ Չէ, մի՛ զարմացեք։ Այն ֆիլմերը, որոնցում տեսել եք միկրոաֆտոբուսներում հարմար նստած գործակալների, որոնք հաճույքով սուրճ են ներս անում, կարծես իրենք ջայլամ են,  ու ոչ ոք նրանց չի տեսնում՝ ֆարս է։ Իսկ դուք միամիտ եք։ Նրանք տեղակայվում են հատուկ կահավորված ու լավ քողարկված մեծ ավտոմեքենաներում, օրինակ՝ աղբատար բեռնատարում։ Ոչ ոքի մոտ կասկած չի առաջանում, որ դրանում աշխատում են մեկ տասնյակ առաջնակարգ կապավորներ ու հաքերներ։ Նրանք այժմ այստեղ են։ Բայց ենթադրել, որ սա մե՛ր ազգային ներքին անվտանգության ծառայության մեքենան է, չեմ համարձակվում։ Զանգահարել գործակալություն և ճշտութմներ անել, օգնություն խնդրել կամ ուղղակի տեղյակ պահել՝ իրավունք չունեմ․․․ երկար պատմություն է, մի ուրիշ անգամ կպատմեմ։ Պետք է նրանց ապակողմնորոշել։ Պետք է ժամանակ շահել։

- Լուսին, Երկիրն եմ, կապ տուր․․․   

Комментариев нет: