пятница, 19 января 2018 г.

ԼՐՏԵՍԻ ՕՐԱԳԻՐԸ․ մաս 2

Դրսում օգոստոս ամիսն է։ Բայց ես սրթսրսում եմ։ Մեկը մեջքիս մի բան գցեր։  Թվում է, թե 41 աստիճան ջերմություն ունեմ։ Մի փոքր էլ ու վախից կմեռնեմ։ Ժամը 1։23 րոպե։ Ֆիքսում եմ, որովհետև 67 րոպեից պիտի պատրաստ լինեմ ամեն ինչի։ Հանում եմ զենքս, դուրս եմ քաշում փամփշտակալը, ստուգում եմ, արդյո՞ք ամբողջությամբ լիցքավորել եմ ու հասկանում եմ, որ քսանի փախարեն 19 գնդակ կա։ Ճաքում եմ զայրույթից։ Բա որ, ու հանկարծ հենց էդ մի հատը պակասի վերջին պահին։ 
                                                                               ***
                                                                            Երևան
                                                                             2006 թ․
ԵսՄամ, դե գնացի։

ՄայրիկԴավիթ, զգույշ կլնինես։ Սաքսաֆոնը ձեռքումդ կպահես, ուրիշ նստարանի վրա չդնես։

Նա դրամապանակից հանում  է չորս հատ հիսուն դրամանոց թղթադրամ։ Պարզ հիշում եմ, որովհետև հին հիսունանոցների վրա պատկերված էր Արամ Խաչատրյան։ Բացում է դուռն ու զարմացած հարցնում։

ՄայրիկԲայց մի քիչ շու՞տ չես դուրս գալիս։

Ես Հրանտ Դավիդվիչն անցած անգամ ասեց մի ժամ շուտ գնամ, որ հաշվետու համերգին  պատրաստվենք։

Մայրիկ Դե միանգամից տուն։

ԵսԼավ, մամ ջան։

Սուտ առաջին։ Իմ ձեռքին հասցե կար։ Քաղաքում արագ էի կողմնորոշվում։ Թմփլիկ, անմեղ տղա, երաժշտական գործիքն ուսին գցած։ Ո՞վ, ի՞նչ պիտի մտածի։ 20 համարի երթուղայինը կանգնեց Նալբանդյան-Խանջյան-Մոսկովյան խաչմերուկում։ Սև գույնի շենքի դիմաց կուտակված էին սև գույնի Վոլգաներ։ Ես մի պահ կասկածեցի։ Արդյո՞ք արժի անել մի բան, ինչից բացի հորիցս ոչ ոք տեղյակ չէ։ Ինքն էլ անձամբ չէ, որ ինձ ասել է։ Անջատված նայում եմ շենքի կլորավուն հատվածին։ Նման է հարձակվող արծվի։ Պատուհաններից ներս ոչինչ չի երևում։ Ամեն ինչ ծածկված է խիտ վարագույրներով։ Միգուցե անգամ պատե՞ր են հետևում։

- Ապրես։ Ճիշտ ժամանակին տեղ հասար։

Հայրիկի ընկերը կանգնած է կողքիս։ Անգամ չհասկացա, թե ինչպես հայտնվեց։

Ես Չեմ ուշացել, չէ՞։

Մանկուց զզվելի պեդանտ եմ եղել։ Ասեին ժամը մեկին, եսիրի պես 12։30 կանգնած կլինեի պայմանավորված վայրում, հետո էլ կնյարդայնանայի, որ մյուսներն ուշանում են։

- Ոչ, Դավիթ ջան։ Ճիշտ ժամանակին ես եկել։ Գնացի՞նք։

Ես
Իսկ ու՞ր ենք գնում։

- Էնտեղ, որտեղ հայրիկդ ժամանակին աշխատել է։

Հայրս արձանի կարգավիճակ ուներ իմ կյանքում։ Ես նրան կարող էի տեսնել միայն պատվանդանին։ Շատ հարցեր կարող էի տալ, բայց էական պատասխան ու ուշադրություն չստանալ։ Նա կար, նա ակտիվ աշխատում էր։ Նա ամեն ինչ ու ամենուր կարող էր։ Նա՝ Նա՛ էր։ Իսկ եթե ինձ տանում են մի տեղ, որտեղ ինքն է ժամանակին աշխատել, նշանակում է ես նրա նման եմ դառնալու։
Նալբանդյանով քայլում ենք ներքև։ Աջ կողմում մեծ դարպասներ են։ Ացնում ենք։ Ապա մուտք։ Հայաստանի դրոշն է կախված։ Անցնում ենք։ Հասնում ենք Թումանյան խաչմերուկ, էս անգամ անցնում ենք փողոցը։ Փակ պատուհաններով շենքի դիմացի մայթի բնակելի շենքն ենք մտնում։ Ես կարծես անջատված լինեմ։ Էս մարդը թե ասի թռչկոտի՝ կթռչկոտեմ առանց հարց տալու։ Կարո՞ղ է հիպ․․․ չէ, ես տենց բաների չեմ հավատում։ 
Երրորդ հարկի դուռը թխկացնում է կոնկրետ հերթականությամբ։ Դուռը բացում է մի բեղերով տղամարդ, միջին տարքի, յուղոտ մազերով։ Բերանին ծխախոտ է։ Հագնված է շատ թեթև։ Քրտնած է։ Անցնում ենք ներս։ Շոգ է։ Շատ շոգ։ Ներսում մի կին է նստած։ Ականջակալներով։ Նա անջատված ինչ-որ սեղմակի է սեղմում։ Արագ-արագ։ Մի պահ նայում է ինձ, ժպտում։ Բեղերովն արագ վերադառնում է պատուհանի մոտ։ Դրա դիմաց անհասկանալի սարք կա, ոնց որ դեցիմետրային անտենա լինի։ Ձախ պատին շարված են փոքր հեռուստացույցներ։ Էսպիսիներ չեմ տեսել։ Դրանց վար տարբեր պատկերներ են․ փողոցներ, մեքենաներ, քայլող մարդիկ, պատուհան։


Բեղերով ու կնոջով սենյակ
- Ի՞նչ նկատեցիր տուն մտնելիս։

Հանկարծ հարցրեց ինձ էստեղ բերած մարդը։

Ես Դուռը նշանով թակեցիք։ Բեղերով տղամարդ։ Ականջակալներով կին։ Շոգ։ Հաստատ հեռուստատեսությունից եք։

Ես շատ քրտնող եմ, միչ օրս էլ եփում եմ, երբ անգամ չնչին տաք է լինում։ Իսկ ներսում կարծես Հադեսի ընդունարանը լինի։

- Տեխնիկայից է։ Գործիքդ մի կողմ դիր։ Ապահով։ Ես հիմա քեզ սառը հյութ կտամ։

ԵսՉեմ կարող։

Կարծես քոթոթիս պաշտպանելով ասացի ես։

Ես
Գործիքն իմը չէ, դպրոցինն է, բա որ կոտրվի։

Անծանոթը ժպտաց։

- Այն քեզ շուտով պետք էլ չի գա։ Մի անհանգստացի։ Ձեռք տվող չի լինի։

Լիքը մոխրամաններով, քրտնած ու տարօրինակ սարքերով աշխատող մարդիկ ինձ հանկարծ շատ սովորական թվացին։ Գործիքս մի կողմ դրեցի ու հետևեցի անծանոթին, մյուս սենյակ։ Մի պատի վրա փակցված են իմ տարիքի երեխաների նկարներ։ Թելերով իրար էին միացած։ Երկու երեխայի նկարների կողքին ևս նկարներ կային կպցված, բայց արդեն մեծահասակների։ Փորձում էի ճիշտ ընթերցել նրանց անունները, բայց ոնց էլ կարդում էի, ոչ մի հայերեն բառ կամ անուն չեր ստացվում։

- Ծանոթացիր։
  

Комментариев нет: