понедельник, 26 января 2015 г.

Մարդկության վախճանը

Աշխարհի խոշորագույն մայրաքաղաքներում, մեգապոլիսներում, նույնիսկ Վերին Զահռմարաշեն գյուղում խուճապահար իրավիճակ է։ Միտինգներ ու բողոքի երթեր։ Փողոցներում լքված ու վառվող ավտոմեքենաներ են։ Գողերը զբաղված են մթերքի և բիժուտերիայի հազարավոր խանութների թալանով։ Երկրների նախագահները հանդես են գալիս հանգստության կոչերով։ Լոնդոնում, Մինսկում, Պեկինում, Անտանանարիվույում ոստիկանները չեն կարողանում զսպել բողոքավորներին։ Զոհերի մասին գույժեր են հասնում աշխարհի տարբեր ծայրերից։ Մարդկանց չեն սպանում, նրանց սիրտն ուղղակի կանգնում է համակարգչի էկրանի առաջ նստած։ Քաոս է տիրում նաև տիեզերքում։ Այլմոլորակայինները, մարդկության այս մայրամուտին, պատրաստվում են գրավել երկիր մոլորակը․․․ բայց չէ՛, նրանք նույնպես խուճապի մեջ են։ Նրանք կիսում են մարդկության ցավը։
Աշխարհը սառել է, Facebook-ն այլևս չկա․․․
Սա մահացու հարված էր աշխարհի հարյուր միլիոնավոր բնակիչների համար։
 Facebook-ը չի բացվում։ Ուզում ես բաղձալի լոգինդ ու պառոլդ հավաքել, քնքշորեն սեղմել Enter-ն ու կայք մտնել, տեսնել ֆեյսբուքամարդկության, քո կրոնակիցների, գաղափարակիցների, համասոցցանցաօգտատերակիցների, մարդկանց, ում սրտի վրա LAN շնուռի տեղ կա հատուկ  Facebook-ին անդադար միացված լինելու համար․․․ բայց տեսնում ես "ՍՏՌԱՆԻՑԱ ՆԵ ԴԱՍՏՈՒՊՆԱ" դահիճի պես սպանող բառերը։ Սա ավարտն է, հատուցումը մարդկանց բոլոր մեղքերի։ Պետք է փախնել այս խորտակվող նավից։ Քոչել այլ կայքեր, որտեղ դեռ կյանք կա։  Facebook-ի օզոնային շերտը ճեղքվել է, ՖԱԿ-ի (ֆեյսբուքյան ազգերի կազմակերպություն) գրասենյակի ներկայացուցիչներն արդեն բունկերներում են գտնվում, բոլոր սերվերներն ու դրանց լարերն ապահովության համար տեղափոխվել են հարևան աստղային համակարգ՝ մահից հետո պաշտամունքի առարկա չդառնալու համար։ Ամբողջ մարդությունը սգում է այս կորուստը։ ԱՄՆ-ի ղեկավարության կողմից արդեն իսկ որոշում է կայացվել կառուցել հիշատակի հուշարձան և այն տեղադրել "Ազատության արձանի" (Նյու Յորք) փոխարեն։

Հ․Գ․ Առավոտյան, ինչպես միշտ էլի, թերթում եմ առաջատար լրատվամիջոցների կայքերն ու բոլդ արած տառերով կարդում․ "Ֆեյսբուքը չի աշխատում"։ Փորձում եմ մուտք գործել․․․ հա էլի, չի աշխատում։ Տարբեր պորտալներում և բլոգերում մարդիկ անդադար քննարկում են, տեղեկացնում միմյանց, որ Ֆեյսբուքը չի աշխատում Սամարայում, Տալլինում, Բուդապեշտում, Փարիզում, Ամստերդամում, Միսիսիպիում, Ռիոյում։ Յուրաքանչյուր քոմենթի վերջում էլ մի հատ տառապած սմայլիկ են դնում՝ հաստատելով, որ կյանքն ավարտվեց ու մենք մտնում ենք նոր դարաշրջան, բայց արդեն առանց Ֆեյսբուքի։
Է հա քոչեք այլ սոցցանցեր։ Ավելի շուտ այլ "մոլորակներ" էլի։ Դե vkontaktena, odnoklassnikin, badoon, twitter-ը։ Փրկե՛ք ձեր կյանքը։ Ինչ արած, առանց  Facebook-ի կլինեք համացանցային ինվալիդ։ Ցուկերբերգը հաշմանդամության դոշակ էլ կտա բոլորիդ։
 Հ․Գ․Գ․ Վերոհիշյալ սոցցանցերում էլ կարաք լիքը ֆեյք էջեր բացեք, ձեր նախկիններին խոսացնեք, քաղաքական այս կամ այն ուժին քլնգեք կամ գովերգեք, տափակ ստատուսներ գրեք ու բոլորին տեղեկացնեք թե որտե՞ղ եք գիշերը քնել, ու՞մ հետ եք խմել, ի՞նչ գույնի էին զուգարանի թղթերը փաբում, ի՞նչ տռուսիկ եք հագել, էդ տռուսիկը հագնելուց հետո ո՞նց եք ինքներդ ձեր համար նեղություն քաշել և թեյ պատրաստել ու հպարտությամբ էդ թեյը նկարել քցել  Facebook։ Հա՛, հա՛․․․ էդ հնարավորությունը մյուս կայքերն էլ կստեղծեն հատուկ ձեր համար։

Օօօ․․․ իմ տառապյալ ու համացանցակախ աշխարհ։ Հազիվ հույս ծնվեց մոտս, որ մարդիկ կցանկանան իրար հանդիպել ու նորմալ շփվել։ Իրար աչքերի կնայեն, մի քիչ անկեղծ կլինեն, մի խոսքով կվերադառնան հին ու բարի՝ Չ՛Facebookյան դարաշրջան։
Բայց սովետները շուտ վրա հասան։
Facebook-ն արդեն գործումա։ 

Комментариев нет: