четверг, 8 января 2015 г.

Քֆուր

Դատարկ լինելը լավ բան չի, մարդ պիտի լցվի։ Հիմա վեր եմ քցած մի անհասկանալի տեղ, անհասկանալի մարդկանց մեջ, նոութբուքս գրկած ու սպիտակ, դեռ չլցված մոնիտորին նայելով։ Սենց բանի մերը։
Քառակուսիսա պետք։ Կարոտել եմ աուրան, հիշողությունների գույնն ու համը, ժամանակը, տեղաշորս, պատենին անիմաստ, ծուռումուռ կախված նկարները, սեղանս, որ դիմացելա ուղեղիս բոլոր ծանրություններին, մեծ պատուհաններս, որոնք կապում էին ու բաժանում էին ինձ աշխարհից, ջարդուխուրդ եղած դուռս, լամպս, գրամեքենաս, որի վրա առաջին անգամ տպել եմ։ Կարոտել եմ զգացողություններս, որ կապված են քառակուսուս հետ, Լուսինը, որ ամեն երեկո ծիկ էր անում, լուսամուտիցս գիշերները ներս սողոսկող լապտերների լույսը, որ ճաղերիս նախշերի տեսքն էին ընդունում, փետուրավոր գրիչս, դարակներում թաքնված թղթերը, որոնց վրա դաջված էր անցյալիս հետ գրչիս կռիվը, գարեջրի դատարկ շշերը, մեղրի ամանը, որն այդպես էլ լիքը մնաց, որովհետև լայաղ չարեցի ուտել։
Իմ քառակուսին ես եմ ու գտնվելով դրանում ես գտնվում եմ ինքս իմ մեջ, իմ կողքին եմ։ Քառակուսում ես ամեն ինչի իրավունքն ունեմ։ Կարող եմ ջղայնանալ ինքս ինձ վրա, բղավել, քննադատել, ունքերս կիտել աշխարհին, լացել, գոռալ, երգել, անպատվել, լկտիանալ, հիշել, մոռանալ, ուտել, դիտել, պատերը ճանկռել, նկարել դրանց վրա, պատռել թղթերը ու դեմքիս նետել, սիրել․․․
Սենյակը, որ ժամանակին հորս աշխատասենյակն էր, որտեղ աշխատում էր, սուրճ էր խմում, փաստաթղթեր է ստորագրում, բոլորինն էր լինում, բայց ոչ մերը․․․ այժմ իմն է։ Կարծես հոգու չգնացած մասն ինձ թողած լինի, որ սովորեմ իրենից։ Ինքն իր էներգետիկան է երևի ինձ ժառանգել, որ սուսիկ-փուսիկ վայելեմ։
Մի ամբողջ կյանք եմ վայելել քառակուսում։ Եթե անկեղծ, չեմ պատկերացնում, թե ինչպես եմ հեռանալու, ինչպես եմ թողնելու բունս, ինչպես եմ լքելու նրան և ում եմ ի պահ հանձնելու սիրտս, որ տնակ էր և՛ անտառու՛մ, և՛ լճի ափին, և՛ լուսնին։
Իմ մտքի չորս պատերը հնչյուններ էին, որոնք համահունչ ու ներդաշնակ էին մարմնիս ու հոգուս հետ։ Էդ անտերը նյութական է, գոյական, բայց մասս է։
Չգիտեմ, թե ինչպես եմ բաժանվելու․․․
Ամենալուսավոր, ամենապայծառ զգացողություններս են մնում այդ սենյակում, ամենաջերմ զգացմուքններս, ամենավառ հիշողություններս։ Էդ սենյակի պատերին դեռ որքան նկարներ պիտի փակցվեին, որքան մարդկանց դեմքեր պետք է ինձ նայեին և հիշեցնեին իրենց այցելության մասին, որքան հարազատություն պիտի բխեր ու ապրեր էդ քարերի ու գյաջի մեջ, մաման կկեմ։
Էս տարվա գարունն իմ անշունչ, բայց հոգով քառակուսին ինձ հետ չի անցկացնի։ Դրանից հեռու կլինեմ, շատ հեռու։ Մի բան հաստատ գիտեմ, որ դուռս պինդ փակելու եմ, էդ մեկը վերանորոգելու եմ, որ ոչ մի այլ մարդ չխախտի նրա քունը մինչ իմ վերադարձը։
Ով էլ լինեմ, որտեղ էլ ապրեմ, ինչով էլ զբաղվեմ, միևնույնն է, գալու եմ իմ սենյակ մտնեմ, կարոտս առնեմ, հորս հիշեմ, նրան, ապա պառկեմ անկողնուս, առաստաղին նայեմ ու ևս մեկ անգամ հիշեմ իմ ապրած ողջ կյանքը, որ փոխալ ուղղակի չարժե․․․

Комментариев нет: