.jpg)
Իսկ ես մեջտեղում կանգնած եմ, արդեն առանց հայրիկի, և դեռ առանց որդու։
Այո, ես ո՛չ առաջինն եմ, ո՛չ միակը, ո՛չ էլ վերջինը այս ցավոտ շղթայում, բայց դրա գիտակցումը դեռ չի թեթևացնու կարոտը։
Ամեն անգամ նրա աշխատասենյակ մտնելիս (որն իր մահից հետո դարձավ իմը), հիշում եմ նրա յուրաքանչյուր ժպիտը, որ հասցրել եմ տեսնել, յուրաքաչյուր խոսքը, որ հասցրել եմ լսել, յուրաքանչյուր հայացքը, որ հասցրել եմ զգալ։
Ես այդ ամենն անդադար եմ հիշում, որովհետև նրան ճանաչողները, որոնց հետ ես հասցրել եմ շփվել, ամեն անգամ հետս խոսելիս, արածս ու ասածս ցանկացած բանի մեջ հայրիկիս են տեսնում ու չեն մոռանում հիշեցնել, թե ինչ նման եմ հորս։
Ես հասցրել եմ, թեկուզ մի քիչ, բայց նմանվել նրան։ Սակայն չեմ հասցրել նրան պատմել, թե դեռ որքան ասելիք ունեմ իրեն։
Ու․․․ մտածմունքս այս պահին, բնավ, այն չէ, որ ի՛նքս էլ երբեք նրան չեմ տեսնի, որովհետև բախտ եմ ունեցել ապրել նրա կողքին 18 տարի, այլ այն, որ որդիս պապու մասին կլսի ի՛մ շուրթերից։ Ես անսահման ափսոսում եմ, որ տղաս չի տեսնի իր պապիկին մարտական ընկերների հետ միասին պատերազմը վերհիշելիս, որ պապիկի գրկում չի լինի, պապիկի պատմությունները չի լսի, ձեռքը բռնած Եռաբլուր չի գնա, չի պարծենա, որ արդեն զինվոր է, ու իր սիրած աղջկան պապիկին չի ներկայացնի, ինչպես ես չկարողացա։ Որդիս, ցավոք, իմ հիշողություններով կսիրի պապիկին․․․
Այո, ես ո՛չ առաջինն եմ, ո՛չ միակը, ո՛չ էլ վերջինն այս ցավոտ շղթայում, բայց դրա գիտակցումը դեռ չի թեթևացնում կորուստը։
Մի բանում հանգիստ եմ, որ որդուս երակներով հոսելու է հայրիկիս արյունը, ուրեմև նրա արժեքները, աշխարհըկալումը, հզորությունն ու բարությունը։ Հանգիստ եմ, քանի որ ինչ ճանապարհ էլ "ապագաս" հատի, ինչ հաջողություններով էլ պսակվի, ինչ սխալներ էլ գործի ու շտկի, միևնույնն է, հորս գենն է լինելու, նրա ժպիտն ու էությունը։
Ես հիշում եմ, հետևաբար որդիս էլ կհիշի։ Նա կիմանա, թե ինչպես էր պապն ուշ գիշերով գործից տուն գալիս, դուռը ոչ թե թխկացնում, այլ կտկտացնում, որ իմանանք ինքն է։ Նա կիմանա, որ ճժերի կողմից պապիկի անունը "պիբիպ" էր կնքվել, որովհետև ամենա անգամ երբ երեխաները սեղմում էին քիթը, զուլալ ժպիտով գոչում էր "պիբիպ՜"։ Նա կիմանա, թե ինչպես էր պապը բաժակը ձեռքը վերցնում, կենացն ասում, վերջում էդ բաժակը սեղանին երկու անգամ թխկացնում ու գլուխը վեր հառնում, որ իր զոհված ընկերների հետ խոսքը կիսի։ Որդիս կիմանա, թե ինչ գեղեցիկ ձեռագիր ուներ պապիկը, ու էդ ձեռագրով որքան զգացմունքային տողեր է գրել իմ "հեթանոս" հերոսը։ Նա կիմանա, որ ամեն քայլափոխին կարող է հանդիպել մարդկանց, ովքեր իր աչքերում պապու աչքերը կտեսնեն ու կպատմեն իրեն, թե ով է եղել Վահանը։ Նա կիմանա, թե ինչպես էր պապիկը համբուրում իր զավակների ճակատը, որովհետև նունկերպ ես կհամբուրեմ որդուս ճակատը։ Ու վստահ եմ, որ որդիս նույնքան հպարտ կլինի իր պապիկով, որքան հայրն է հպարտանում իր հերոսով։
60 տարի առաջ, այս օրը լույս աշխարհ եկավ աշխարհի ամենաբարի ու մաքուր մարդկանցից մեկը։
Այդ ջինջ ու զուլալ մարդու որդին լինելու պատիվ ունեմ։
Ծնունդդ շնորհավոր, հայրիկ․․․
Комментариев нет:
Отправить комментарий