четверг, 5 февраля 2015 г.

Ո՞վ ես դու․․․ առավո՛տ

Քնած էի մնացել։ Թքած ունեի հետևը ճղող բջջայինիս զարթուցիչի վրա։ Նկարահանման էլ չէի, մտածում էի գուցե ինձ թույլ տամ մինչև տասներկուսը թավալ գալ անկողնում հետը։ Արևն ուղղակի ճեղքում էր բոլոր հնարավոր լուսամուտները, իսկ ես համեստորեն ճմրթվում էի անկողնում։ Սպիտակյեղենն արդեն վաղուց փախել էր տակիցս։ Սենյակում անսովոր տաք էր․ այս տարի առաջին անգամ եմ զգում սենյակիս նմանօրինակ ջերմությունը։
Ձեռքս գցում եմ, որ բռնեմ նրա ամենահամեղ տեղերը։ Բայց․․․ սենց բանի մերը։ Դատա՛րկ է։
Էս ե՞րբ թռավ, ինչպե՞ս:
Հաստատ ժամը ժամից անցել է, ինքն էլ չի ցանկացել արթնացնել ինձ ու վազել է աշխատանքի։
Դե, ի՞նչ մեղքս թաքցնեմ, ինձ մեղավոր եմ զգում, որ նվազագույնը չեմ արթնացել մինչև նրա հեռանալը և առավելագույնը՝ ճանապարհ դրել։ 
Միանգամից սկսեցի չսիրել էդ անտեր քունը (բառի ուղի՛ղ իմաստովը, էն մյուսը չսիրելն անհնարին է, մանավանդ նրա հետ), որ կտրեց ինձ նրան համբուրելու մեծագույն հաճույքից։
Ու հերթական դավիթազգի ջղային մռնչոցն արձակեցի։ Մեկ էլ․․․

- Արեգակի տիրակալ, դու՞ ես։

Անծյաաա։ Նրա քաղցրաձայնը շոյեց լսողությունս։ Ժպիտը մի լավ ապտակ տվեց ու աչքերս միանգամից բացվեցին։ Սենյակի դուռը բացեց ու չոր ու ցամաք, միայն ներքնազգեստով ներս մտավ սենյակ։ Հոտառությունս խուտուտ էր գալիս ձեռքին եղած բաժակի պարունակությունից։ Նա սուրճը դրեց սեղանին։ Նայեց անկողնուն փռվածիս, ձախ ունքը թատերական ճշգրտությամբ վերև թռցրեց ու սպայի մշակված ջայնով ասաց։

- Այ, քո ազիզ պատվին զանգեցի ղեկավարիս ու, ինչպես դու ես հաճախ գործից թռնում, ասացի, որ մի քիչ հղի եմ ու աշխատանքի գնալ չեմ կարող։ Իսկ դու քեզնից գոհ-գոհ թավալ ես գալիս անկողնում, էլ չես մտածում, որ արթնացել եմ, սուրճ պատրաստել, որ թարմանաս․․․ օօօ արեգակի տիրակալ։

Ես ապուշի պես ուղղակի ժպտում եմ ու բառ անգամ ասել ունակ չեմ։ Չգիտեմ հիմա վեր թռնեմ տեղիցս ու սրան ոտքից գլուխ պաչռտեմ, թե՞ թողնեմ մի քիչ վայելի իր գերակայությունը իմ տապալված ու քնկոտ մարմնի վրա։ 
Ֆշշացնող հայացքով ու արդարություն պահանջող կոչերով աստվածուհիս հենվեց լուսամուտին ու ինչ-որ բաներ սկսեց մրթմրթում քթի տակ։
Ախր ջղային չի է, միայն տպավորություն է ստեղծում։
Ես նրա խորամանկություններին տեղյակ եմ։ Հոգուս հետ մի քիչ կխաղա, մի քիչ կանպատվի, հաթաթա կտա, որ ուշ ենք քնում, ուշ արթնանում, շատ բան չենք հասցնում, բայց հօ հոգու խորքում ինքը "պրն․ էսինչյան, ջրագիծը պայթել է, ամբողջ տունը ջուր է, գալ չեմ կարող"-ներ է հորինում, որ ամբողջ օրը ջրագծեր պայթացնենք, իսկ երեկոյան, տաք ամառայի՛ն երեկոյան դուրս գանք քաղաք, մի գողտրիկ անկյունում թեյ կամ սուրճ ըմպենք, որ ուժ լինի վերադառնալ ու էդ "ջրագծերը կարկատան" անել։
  
Կողքի եմ հենվում, մի գլանակ վառում ու մի կում անում իր պատրաստած անմահական սուրճից։ Այսպես հետևել նրան ուղղակի վայելք է։ Գրեթե թափանցիկ մաշկի տակից նշմարվում են երակները, որոնցով հոսում է իմ կյանքը։ Շքեղ մարմինն ու սլացիկ իրանը, փարթամ կրծքերն ու այն նուրբ շրթունքները, որոնք գերմադկային հաճույքով համբուրում եմ ամեն աստծո օր։ Քնքուշ ձեռքերը, որ շոյում եմ նրան ամբողջությամբ զգալու համար և աչքերը, որոնք ինձ գերեցին ու խորտակեցին իրենց զուլալ օվկիանոսի անդունդներում։ Մի ձեռքի ափի չափ փորիկն ու երկրաչափական հետույքը, պարանոցը, որ մեղրի համ ունի ու վարսերը, որոնք ժամանակ առ ժամանակ ծածկում են նրա որոշ բարեմասնություններ։ 

Ես - Հղի, դու՞ ես։

Թեքվեց դեմքով դեպի ինձ ու դանդաղ քայլերով ինձ եկավ։

Նա - Քեզնից մի քիչ քիչ։

Շարունակում եմ ապուշի պես ժպտալ, որովհետև գլխիս գալիքն արդեն գիտեմ ու սպասում եմ արդար պատժաչափիս։

Ես - Բարեգութ գտնվեք իմ հանդեպ, հարգելի դատարան։

Ցինիկաբար բարձրաձայնեցի։

Նա - Դուք դատապարտվում եք մոտակա երեք ժամը մեջքի վրա գամված մնալ անկողնում, քաղաքացի Արեգակի տիրակալ։ Բա գիտեիր Լուսնի հետ ինձ դավաճանելը վրադ էժան է նստելու։
Ես- Չէ՜։  Արդեն վրաս է նստած ու հաստատ անգին է։

Մեր զգայարանները ձուլված են, չնայած նրան, թե որտեղ ենք, ինչով ենք զբաղված, որքան ժամանակ անց ենք հանդիպելու և ինչ պայմաններում։
Աշխարհի ամենասպասված մեղադրանքը հնչեց, հիմա այն տեղում կկիրառվի։ 

Իսկ այդ առավոտյան էլէգիային, կամ ինչպես մենք ենք անվանում, դատավարությանը, կհաջորդի իմ՝ նրա համար որևէ համեղ բան պատրաստելը։ Բայց եթե նորմալ մարդիկ նախաճաշը պատրաստում են 15 րոպեյում, ուտում՝ 20-ում, ապա մեր նախաճաշը մենք ենք միմյանց համար և, բնավ պարտադիր չէ արագացնել։ Մենք մեր քիմքին հաճո նախաճաշը կարող ենք վայելել ողջ օրը։
Երբ նա է պատրաստում նախաճաշը, հաստատ հաջորդ օրը նույնպես ինչ-որ բան, ինչ-որ տեղ պայթում է, այրվում, հիվանդանում կամ բացակայում քաղաքաից, բայց միայն ղեկավարությա՛ն ականջները լցնելու համար։
Իսկ հիմա, մի խանգառեք։
Ես գնում եմ նախաճաշ պատրաստելու։

                                                                                  ***

Հ․Գ․ Լուսաբացին, Արևի հետ արթնանալիս միայն լցվում ես հույզերով ու սպասումով, որ գիշերը նորից Լուսինն է գալու, որ ամեն բան սկսվի նորից։          



Комментариев нет: