пятница, 3 апреля 2015 г.

Մրցավազք


Գրեթե երբեք չեմ անդրադառնում մարդկանց, որոնց չեմ ճանաչել կամ ճանաչում։ Միշտ կարծում եմ, որ անձամբ պետք է շփվեմ, ընկերանամ կամ մի բաժակ սուրճ խմեմ նրանց հետ, որ գոնե ընդհանուր պատկերացում կազմեմ այս կամ այն անհատի մասին։ Սակայն այս դեպքը եզակի է։

Իմ զգայարանները բթացել են, եթե մի ժամանակ սպունգ էի, որն իր մեջ էր քաշում զգացմունքային յուրաքանչյուր բան, ապա հիմա քար եմ, որ ամուր պաշտպանվում է արտաքին աշխարհի բոլոր էմոցիաներից, ու բավարարվում եմ միայն այն պաշարով, որ մեջս կա։  


Վախը, որ մի օր այդ էլ կսպառվի, իսկ ես արդեն սովորած կլինեմ իմ հաստ կեղևին ու դրա պաշտպանությանը, ստիպում էր ինձ փնտրել պատմություններ, որոնք կթակեն դուռս, կնստեն ներսումս կահավորված փոքրիկ սենյակի անկյուններից մեկում, ինձնից մի գլանակ ծխախոտ կխնդրեն ու ծուխը ներս քաշելով՝ կպատմեն իրենց կյանքը։ 
Երկար ժամանակ դուռը թակող չկար։ Ես հիասթափված էի։ Իսպառ բացակայում էին զգացմուքները, որոնց այդքան կարոտել էի։
Բայց․․․ այսօր դուռս թակեցին։ 

Մի բարի ու լավ ընկեր եկավ ինձ հյուր։ Այրտոն Սենան էր։ 
Բրազիլական լուսավոր լավատեսությամբ ու արագության, ինքնազարգացման ու կատարյալին հասնելու անհագ մղումով կլանված մարդ, որն Աստծո հանդեպ անսահման հավատով երեք անգամ դարձավ "Ֆորմուլա մեկի" աշխարհի եռակի չեմպիոն, 161 անգամ նվաճեց համաշխարհային Գրան Պրիների միանձնա առաջատարի աստիճանն ու չհամարձակվեց բավարարվել ձեռբերածով։

Անդադար պնդում էր, որ մարդու հնարավորություններն անսահման են, և եթե ակնթարթ անգամ մտածես, որ դու գագաթին ես, ու բարձրանալու այլևս տեղ չկա՝ կգահավիժես։ 
Նրա կյանքն այնքան արագ էր սլանում, որքան իր բոլիդը՝ մրցուղում։
Շատ ընկերներ ունեմ։ Նրանց մեծամասնությունն ինձնից շատ ավելի խելացի են, փորձառու, տարիքով, ավելի սթափ ու կշռադատված, ավելի հմուտ ու անկոտրում, բայց այսօր դուռս թակած մարդն առանձնահատուկ տեղ ունի իմ տնակում։ "Սեննա" ֆիլմն ինձ սովորեցրեց ոչ թե ուղղակի առաջ քայլել, այլ վազել, թե չհասցնեմ՝ նստել բոլրիդ ու սլանալ դեպի նպատակը, որն ինձ իրապես կերջանկացնի։ Պատմեց, թե ինչպես է պայքարել, որքան է տխրել ու հիսաթափվել, որքան է սպասել և ինչի է հասել։ Նրա կիրքը արագության ու առաջատարը լինելու մեջ այնքան առատ էր, որ իր ցանկությունների շնորհիվ իր շուրջը հավաքեց սկզբում մի ամբողջ ժողովուրդ /բրազիլացիներին/, ապա և ողջ աշխարհը։ Սակայն նրա նպատակը ոչ թե աշխարհին ինչ-որ բան ապացուցելն էր, այլ ներքին պայքարում հաղթանակելը։ 
Իրականում նա չէր մրցում իր մրցակից պիլոտների ու նրանց բոլիդների հետ, այլ մրցում էր ինքն ի՛ր հետ։
Այսօր ես ավելի լավը պիտի լինեմ, քան երեկ էի, վաղը ես ավելի լավը կլինեմ, քան այսօր։
Չէ՞ որ լավ սկզբունք է։
Նրան արդարացիորեն մինչ օրս անվանում են աշխարհի ամենաարագ մարդ։ Բայց այդ արագությունից չէին կորել նրա արժեքներն ու հիմնարար սկզբունքները։ Շարունակել էր էությամբ մարդ մնալ, չնայած, որ իրեն վաղուց արդեն աստվածացնում էին։
Իմ նոր ու բարի ընկերը մարտիկ էր, բայց նրա մենամարտն ամեն անգամ կայանում էր ոչ թե մրցակցի տարածքը գրավելու, այլ ինքն իրեն հաղթահարելու, ինքն իրեն տապալելու և ավելի լավը վերածնվելու համար։

Կարծում եմ, նրա փորձը աչքիս առաջ կունենամ դեռ երկար ժամանակ, որովհետև այդ փորձը վերջին տարիներին միակ բանն էր, որ թույլ տվեց ինձ ևս մեկ անգամ հիշել այն սպունգ Դավիթին, որն իր մեջ էր քաշում բոլոր հնարավոր զգացմուքները։ Երևի ինքը միչև կյանքի վերջը շարունակել է սպունգ մնալ, ինչն էլ օգնեց նրան չկանգնել, չընկրկել, չվախենալ, չփախչել, առանց հետ նայելու չհեռանալ, չվիրավորել ու չվիրավորվել հարվածներից, չիրականացված չթողնել երազանքները։

Սենան մահացել է 1994-ին, երբ ես դեռ երեք տարեկան էի։ Նրա բոլիդը 250 կմ/ժ արագությամբ բախվում է արգելապատնեշին։ Բժիկները պատմում էին, որ եթե բոլիդը 15 սանտիմետր աջ կամ ձախ բախվեր պատնեշին, ապա Սենան իր ոտքով դուրս կգար մեքենայից, առանց որևէ վնասվածքի։ Նա ծնվել էր արագության ու հաղթանակի անկոտրում ցանկությամբ, և հեռացավ կյանքից արագության և կամքի թեթև ձեռքով։ Ինձ համար հաճելի էր իմանալ նաև, որ իմ կողմից սիրված մեկ այլ լեգենդար պիլոտ Միխայիլ Շումախերի հետ առաջին ու երկրորդ տեղի համար պայքարում է իր մահկանացուն կնքել "Ֆորմուլա մեկի"՝ իր ժամանակների ամենահայտի օդաչու, և ուղղակի լավ մարդ Այրտոն Սենան։


                                                                            ***
Մեզնիաց շատերն իրականում դեռ ոչինչ են, բայց գիտակցումը, որ կարող ենք լինել ամեն ինչ, ոգեշնչել մյուսներին, ինչպես այդ անում են լեգենդները, նույնիսկ մահից տասնյակ տարիներ անց՝ ուժ է տալիս չընկրկել ոչ մի դժվարության առաջ, ժպիտը դեմքին մտնել մարտդաշտ և քառաքի հաճույքով սլանալ դեպի հաղթանակ ու տոնել այն։


Հ․Գ․ Վերջերին շրջանում հաճախ եմ զրույցներումս հանգում այն գիտակցմանը, որ էական չէ, թե ինչ ունես հիմա, որքան արժե ունեցածդ կամ որքան պետք է աշխատես ուզածդ ունենալու համար։ Գումարը վերածվել է ոչնչի։ Իրական նպատակդ պիտի միշտ ՄԻՏՔԸ լինի, գաղափարը, իսկ միջոցները կհայտնվեն ընթացքում։ Միջոցը երբեք չպետք է վերածվի նպատակի, հակառակ դեպքում կկորցնես մեջդ մնացած լուսավորի վերջին փշուրները։

Комментариев нет: