воскресенье, 27 марта 2016 г.

Նրանք

Արևն այրում է, գետերը հոսում են, աղջիկները հագնվում են այնպես, կարծես իրենց ոչ ոք չի տեսնում։ Ճարտարապետությունը հիասքանչ է, օդը` խոնավ ու տաք, կյանքը եռում է, բայց մարդիկ սառն են։ Նրանք նույնիսկ հայացք չեն նվիրում։ Իտալացիները պաղպաղակ են վաճառում, չինացիները՝ թութուն, թուրքերը՝ կահույք, հայերը՝ ինտրիգներ (բնույթին համաձայն), հրեաները՝ լուռ են (չեմ հանդիպել դեռ)։

Բայց ամեն ինչ Գերմանիայում համակարգված է, նույնիսկ ավտովթարներն են հաշվարկված (ամեն ամիս N քանակությամբ, դրանից ոչ ավել)։ Գերմանացիները դասավորում են աղբը, քանի որ նրանք շատ պեդանտ են, այլ ոչ թե վախենում են 10,000 եվրո տուգանքից։ Նոր բնակարանիս պայմանագրի մեջ գրված էր, որ մենք իրավունք ունենք լվացքի մեքենան օգտագործել 16։00-19։00 ընկած ժամանակահատվածում, որ տանը միշտ թարմ օդ պիտի ապահովենք, պատուհաններից լվացք չպիտի կախենք, լոգարանում խոնավություն չպիտի լինի և այլն։ Սա բնակարանատիրոջ քմահաճությունը չէ, այլ օրենքի պահանջը։
Հասարակական տրասպորտի համար գինը բավականին բարձր է։ Օրինակ՝ մի ուղղությամբ երթևեկելու համար պիտի վճարես ոչ պակաս, քան 1100 դրամ (մեր փողով), բայց տրամվայը գալիս է, երբ չվատախտակի վրա 0 վայրկյան է, իսկ ներսում միշտ նստելու տեղ կա, կոնդիցիոներ, հաշմանդամների համար նախատեսված հատուկ նստատեղեր (որոնք երբեք զբաղված չեն լինում այլոց կողմից), անվտանգության տեսախցիկներ (Կարապետիչի պես մարդկանցից խուսափելու համար), հատուկ տարածք կա նախատեսված ինչպես հղի, այնպես էլ անվասայլակով ծնողների համար։ Տոմսերի հավաստիությունը ստուգողները հայտնվում են 100 տարին մեկ։ Սակայն բոլորն են տոմս գնում՝ հասկանալով, որ տեղին են վճարում (էլ ինչ կարիք կա նման ազգին ստուգել)։
Այս երկրում բացվում ես ծաղկի պես։ Աչքերդ, միտքդ, երևակայությունդ, պատկերացումներդ այլ կերպ են սկսում գործել։ Քայլում, հեծանիվ ես քշում, մեքենա ես վարում այնպես, կարծես միայն քո համար է ամեն ինչ ստեղծված։
Էս երկիրը ջազ է, որին ադապտացվում ես րոպեների ընթացքում։
Բայց ապրե՞լ։ Չէ․․․ ես հայ եմ, ջերմություն եմ պահանջում, ածխացնող արև, անջատված քեֆեր, տաք մարդիկ, խորոված ու սպաս։
Լավագույնն ունենալու համար զոհողություններ են անհրաժեշտ։ Դրանք միջին վիճակագրական զոհողություններ չեն, այլ ծանրակշիռ։ Դու հրաժարվում ես 18 տարեկանից հետո երեխայիդ ընկեր ու հարազատ լինելուց, հրաժարվում ես հարևանների ու ընկերների վառող ջերմությունից, թոռներիդ այգում տեր կանգնելուց (որովհետև տատիկներն այստեղ թոռնիկներին տեսնում են արձակուրդից արձակուրդ), անկեղծ ժպիտներից և նույնիսկ անկեղծ ատելությունից, լիաթոք ծիծաղելուց ու հոգևոր մթնոլորտից։
Այստեղ դու մարդ ես, ով լավ հաշվել գիտի, լավ կադր տեսնել կամ սցենար գրել, մեքենա վարել, գարեջուր կամ նրբերշիկ պատրաստել, վաճառել կամ գնել։ Այստեղ դու մասնագետ ես, մարդ, ում ԻՔՍ գումարով գնահատում են։ Կարճ ու կոնկրետ՝ ապրանք։ Քեզ գնում են որոշակի գումարի դիմաց, իսկ քո աշխատանքի արդյունքում աշխատում են "ՈՐՈՇԱԿԻ անգամ 4" գումար։ Մնացածը մնում է "զա բառտոմ"։
Որդն ուտում է միայն առոջ պտուղը։ Տհաս պտուղի կողքով այն ուղղակի սողում է։
Գերմանիան առողջ պտուղն է, որին որդը ուտում է, իսկ Հայաստանը՝ որի կողքով որդն անցնում է։
Հիմա այն մարդկանց համար, ովքեր հասել են գրառմանս այս կետին։

Հ․Գ․ Եվրոպան ռեսուրսներով հարուստ չէ, այն չունի գազ ու նավթ, բավարար ոսկի ու ածուխ, արծաթ ու ալմաստ, խմելու ջուր և ուղեղ։ Եվրոպան սնվում է այլոց ունեցածով և ունեցվածքով։ Այն իր պոպուլյացիան ապահովում է սևամորթների, արաբների, հայերի և այլոց միջոցով։ Եվրոպան այնքան խելացի է, որ օգտագործում է ողջ աշխահը՝ իրեն ողջ պահելու համար։
Եվրոպան շատ խելացի անհատ է, նրանից միայն սովորել է պետք ու փորձը կիրառել, բայց ոչ մի դեպքում գերի դառնալ։ Սիրել է այն պետք, բայց միայն չափի մեջ, հակառակ դեպքում՝ կկլանի, կուտի ու չի էլ մարսի։

Հ․Գ․Գ․ Աղջիկները շարունակում հագնվել այնպես, կարծես իրենց ոչ ոք չի տեսնում, իսկ իտալուհին շարունակում է պաղպաղակ վաճառել (ինձ)։


17.07.2015
Halle - Saale, Saxony Anhalt
Germany

Комментариев нет: