Պատերազմը խաղաղություն է ծնում:
Գուցե մի քիչ պաթետիկ հնչի, ռոմանտիկ, բայց փաստ է. ամեն ահեղ մարտից հետո երկինքը կապտում է:
Մերն է աշխարհը, և մենք էլ աշխարհին ենք պատկանում: Այլ է, թե ուր ենք այդ աշխարհը տանում:
Հայրս ֆանատիկ էր, իսկ ես... ես էլ նրա որդին:
Ի պատիվ բոլոր, բոլո՛ր մայրերի...
Գուցե մի քիչ պաթետիկ հնչի, ռոմանտիկ, բայց փաստ է. ամեն ահեղ մարտից հետո երկինքը կապտում է:
Վաղուց արդեն պատերազմներին այլ կերպ եմ նայում: Երևի աշխարհընկալումս է, որ ստիպել է ուշքի գալ: Մի կողմ են նետվել սահմաններն ու դրոշները, արձաններն ու պաշտամունքները, պարտադրված գաղափարախոսությունն ու պետական դեմագոգիան, իդեալոգիան, կոչերը, հռետորաբանությունն ու ամբիոնապաշտությունը: Հոգիս է խաղաղված, և ո՛չ արտաքին, ո՛չ էլ ներքին որևէ բան չի կարող խարխլել ներսիս խաղաղությունը:
Ես այլևս մարդակենտրո'ն եմ:
Հայրս ֆանատիկ էր: Իմ աշխարհ գալիս նա ռազմաճակատում էր: Կարծես ոչ թե որդին էր ծնվում, այլ հայրենիքն էր մեռնում: Նա գերադասեց տեսնել հայրենիքի, այլ ոչ թե իմ երկունքը: Ու թե որքան են արդարացված իմ այս տողերը, թողնում եմ քեզ, սիրելի ընթերցող, սակայն տիեզերական, մեզ ծանոթ բոլոր եզերքներում մարդու կյանքից առավել ոչինչ չկա: Մոլորակը դեռ չի ծնել մի արժեք, որը վեր կլինի մարդկայնությունից, մարդասիրությունից ու մարդադավանությունից: Մեր կյանքում և ուղեղում եղածն են քարտեզների վրա յուղոտ մատիտներով կարմիր գծեր քաշել, առանձնացրել, բաժանել, ստրկացրել, ազարտագրել ու գերեվարել, սպանել ու ինքասպան եղել, փոշիացրել ճակատագրեր ու հերոսներ հորինել: Մեր փոքրիկ ուղեղներում առաջացած ու գենեռացրած մտքերն են հային՝ հայ, ռուսին՝ ռուս, ազերիին՝ ազերի, կոնգացուն՝ կոնգացի, թուրքին՝ թուրք կոչել: Ազգասպան թուրքն էլ, կարծես, երկու աչք ու ականջ, զույգ ոտք ու ձեռք ունի, ու միայն նրա միջի տականք տեսակն է հղացրել հային սպանելու գաղափարը: Մեր կողքին գոյատևող ազերին էլ է բեղ ու միրուք պահում, նա էլ է ամուսնանում, զավակ բերում, որից առաջինը, հավանաբար, հայի վիզ կտրող մեկը կդառնա, իսկ մյուսը՝ կամավոր հիմքով բալիկների կյանք փրկող բժիշկ:
Ու մենք...
Մեր Նաիրի Զարյաններով (որ տասնյակ հայ հանճարների գլուխ կերան), լպիռշացած օլիգարխներով ու պատգամավորներով (որ հարստացան ու կյանքներս կերան, ոչնչացրին սերուծքը), ծախված <լրագրողներով> (որոնց մտքի գինը՝ գրոշն է), կառավարություններով (որոնք լափում են մեր ծնողների ու մեր վաստակը), հոգևորականներով (որոնք անեծք էի՛ն ու ե՛ն մեր հոգու համար):
Ու մենք...
Մեր Մոնթեներով (որ արծվի տռիչքով հավերժացրին հաղթանակը), արվեստագետներով (որ աշխարհին սուսերով պարի մի նռան գույն տվեցին, շարականներով ձուլված ճարտարապետություն ու վարդապետական անմար ոգի), Նարեկացիներով (որ գիրը հայկական ոսկեփայլ դարձրին), Գուրզադյաններով (որ այս հողին աստղեր իջեցրին), Միկոյաններով (որ թևեր բացին), ու Վազգեններով (որ նորից արթնացրին):
Մե՛նք, մե՛նք, մե՛նք:Մերն է աշխարհը, և մենք էլ աշխարհին ենք պատկանում: Այլ է, թե ուր ենք այդ աշխարհը տանում:
Ոմանք կասեն, թե առանց պատերազմների չկա զագրացում, մրցակցություն, կատարելագործում, կամք, հավատ, թշնամի, որ կստիպի առաջ վազել ու ապացուցել, որ մի կողմն ավելի լավն է, ավելի ուժեղ, բարի, քան մյուսը: Չկա՞:
Քավ լիցի, ինձ զենք և ուժ պետք չէ կնոջս սիրելու, մորս մեծարելու, գործս պաշտելու, առաջ քայլելու, Հայաստան ասելու, կռիվ հաղթելու, ապացուցելու, մեղանչելու, կրկին աղոթելու համար: Ինձ զենք պետք չէ գրելու համար: Մի բուռ թանաքն ու մի ափ թուղթն էլ բավարար է քեզ այս ամենն ասելու համար:
Իմ պատերազմը միտքն է, իմ պատերազմը զարգացումնէ, իմ պատերազմը ժպիտն է, իմ պատերազմը գիրն է, իմն է նաև սիրո պատերազմը, մարդ լինելու ու մարդ մնալու պատերազմի ռազմաճակատում եմ ես այժմ...
Երկու սահմաններից այս ու այն կողմ, հոգեհանգստի ժամերին, սառած մարմինների առաջ մայրերն անիծում են ոչ թե հակառակորդի գնդակն ու արկը, այլ այն օրն ու մարդուն, ով հորինեց մի պատերազմ, որում ընկավ իր զավակը:
Ընկած աչքեր, որոնք մեծամասամբ չէին տեսել ո՛չ սեր, ո՛չ ընտանիք, ո՛չ որդի, ո՛չ էլ ճակատագիր: Տղերք, որոնք առաջ են նետվել հանուն մի բանի, որ ինչ-որ մեկը հորինել է իրենց համար, պարտադրել, ստիպել, հրել:
Հայրս ֆանատիկ էր: Իմ աշխարհ գալիս նա ռազմաճակատում էր: Կարծես ոչ թե որդին էր ծնվում, այլ հայրենիքն էր մեռնում: Նա գերադասեց տեսնել հայրենիքի՛, այլ ոչ թե ի՛մ երկունքը: Մինչև իր մահն ինքը հավատարիմ էր ոչ թե ընտանիքին, այլ Հայաստանին: Նրա ապրուստը, առօրեան, վարքը, ուժը, նվիրումը, կամքն ու անձն ընծայված էին հայրենիքին: Ամփոփված մի՛ երկրի սահմաններում:
Ինձ համար այլևս էական չէ, թե ով ու երբ, ինչպես ու որքան դիրք կվերցնի: Ինձ համար էական է այն հայ մարդը, որի երկաներով հոսում է իմ, քո, մեր ողջ պատմության գենետիկական կոդը, հիշողությունն ու հզորությունը, պոտենցիալը, որ ունի ամեն հայ՝ ելնելով իր աշխարհագրական դիրքից, արևի ջերմությունից, տեսած և ընդունած ժառանգության: Նողկում եմ, անիծում ամեն մեկին՝ թքած ունենալով ազգության, պետականության, կրոնական դավանանքի, սեռի ու տարիքի, քաղաքական հայացքի, ամբիցիայի ու էգոցենտրիզմի վրա... նողկում եմ յուրաքանչյուրին, ով սպանում է այն գենը, որ լուսավորում է աշխարհը:
Ես ապրում եմ հանուն աշխարհի, հանուն խաղաղության, որ մարդն իր մեջ է գտնում, հանուն մարդկային գաղափարի, հանուն մտավոր կատարելության, հանուն ապագայի, հանուն կյանքի՛:
Դադարե՛ք պաշտել մահը, դադարե՛ք մեղադրել, դադարե՛ք շնչել ուրիշի հաշվին, դադարե՛ք ինքնահաստատվել հանուն ինքներդ ձեզ, դադարե՛ք դատարկության համար ինքնահրկիզվել, դադարե՛ք ատե՛լ:
Դադարե՛ք թշնամանալ՝ հանուն երջանկության:Հայրս ֆանատիկ էր, իսկ ես... ես էլ նրա որդին:
Ի պատիվ բոլոր, բոլո՛ր մայրերի...
Комментариев нет:
Отправить комментарий