Ինքս ինքս ինձ ասացի, երբ դատարկեցի գինու հերթական շիշն ու մտորեցի սիրո մասին։
/Բողոք/ Ինչու է աշխարհի ամենահաճելի զգացողությունն այդքան դաժան գտնվում իրեն պաշտողների նկատմամբ։ Ինչու է այն անողոք այնքան, որքան դահիճը, որ թքած ունի մարդկային կյանքի արժեքի ու դրա փիլիսոփայության, մտքի ու զգայականի նկատմամբ․․․
/Հռետորական դադար/ Ինչու․․․
/Հանդիմանություն/ Ես ըմբոստանում եմ սիրո դեմ։ Ես պատրաստ եմ թուրս դուրս քաշել ու պատառոտել այն, ինչպես անպետք չուլը, որ դարն ապրել է՝ քսվելով մարմնիս։ Ես պատրաստ եմ այրել այն, որովհետև մաշվել է ինձ հետ շփվելով։
/Դրդում/ Հանեք էդ անպետք դիմակը, որ իրեն սեր է համարձակվում անվանել ու դենը նետեք։ Այն վաղ թե ուշ այրելու է ձեր դեմքը և ձեր անհատականությունը վերածվելու է ոչինչ չասող ու տհաճ առարկայի։
/Զարմանք/ Չէի էլ կարող պատկերացնել, ես չէի էլ գիտակցում, թե ինչպես կարող է "արձանը", որ կանգնեցրել էի մեջս իբրև իմաստության ու կատարելության փարոս, կարող է երես թեքել ինձնից։ Չէի էլ գիտակցում, թե աստվածային մաքրության անգերազանցելի օրրանը, հոգևոր ճոճաթոռը, որ էքստազի հասցնող փառահեղություն ունի իր մեջ․․․ այդքան նսեմ է, նենգ ու դավադիր։
/Մերժում/ Լքում եմ քեզ, լքում հավե՛րժ։ Ես գիտեմ, որ առանց իմ ներկայության դու զորեղ ես, ինձ հետ՝ թույլ։ Ես թողնում եմ քեզ, վստահ լինելով, որ իմ բացակայությունից մեկ է ոչինչ չես կորցնելու, իմ ներկայությամբ էլ ոչինչ ձեռք ձես բերելի։
/Վիրավորանք/ Դու ստոր ես, անառակ, պոռնիկ, որ միայն տառապանք ու կսկիծ է բերում իր հետ։ Շոյում է գլուխս, և, միևնույն ժամանակ սուր ու բութ դանակով մեծ սպի թողնում կրծքավանդակիս։
/Բացականչություն/ ՀԵՌԱՑԻ՛Ր ու վերադառնալու մասին մի՛ մտածիր։
/Կրկնության հնարք/ Ինչ-որ բան միշտ պակասում է, նույնիսկ երբ ամեն ինչ ունես։
Հռետորության առարկայի քննական ելույթս է։ Ամբողջ օրը մտորեցի, թե ինչի շուրջ կարող է ծավալվել ելույթս, որ թեման է արդիական ու ինչը կհուզի լսարանին։
Պետք էր գտնել մի թեմա, որը բոլորին կհասներ, բոլորի ականջին ծանոթ կլիներ ու գեթ մեկ անգամ իր տեղը գտած կլիներ նրանց կյանքում։ Այդ թեման Սերն էր, որ աղետի նման գալիս է ու չի խնայում իր ճանապարհին ոչ ոքի, և, չկա աշխարհում որևէ մեկը, ով լոկ մեկ անգամ վնասված չլինի Սիրուց․․․
Комментариев нет:
Отправить комментарий