четверг, 11 июня 2015 г.

"Թաղեմ ՀԷՑ-ի գլուխը" կամ "Գերմանիայի կանցլեր Հովիկ Աբրահամյանը" (ֆելիետոն)

Բեռլինն առանձին ու Գերմանիան ամբողջությամբ, բազմերանգ են ինչպես իենց բնակիչներով, այնպես էլ մշակույթներով, մոտեցումներով, ընկալումներով, գիշերային ու ցերեկային կյանքով, ճարտարապետությամբ, տուրիստներով, ժամանակ առ ժամանակ՝ հակասություններով ու շաուրմայանոցներով։
Այժմ զուգահեռներ կտանեմ ժամանակակից Հայաստանի ու Գերմանիայի միջև։

Ակնարկը հիմնված է իրական դեպքերի վրա
Բոլոր անունները փոխված են 

Իմ ֆոտոն ա (գլուխս գովամ)
Օրինակ՝ Բեռլինի Տարոն Մարգարյանը հեչ լավ չի աշխատում։ Քաղաքն անասելի կեղտոտ է։ Բացի այն, որ աղբահանությունն անտանելի է կազմակերպված, նաև արտաքնապես է անխնամ Բեռլինը (միայն որոշ հատվածներում)։ Բեռլինը կարծես աղջիկ լինի, որն առավոտյան ժամանակից ուշ է արթնացել ու չի հասցրել լավ քսմսվել, ծածկել դեմքի անցանկալի հատվածները, որոնք ժամանակին մխտռվել էին 1930-ականներին իր «Ազգայնական արծիվներով» Գերմանիայում իշխանության եկած Խաչիկ Ասրյանի կողմից։ Բեռլինը աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը դարձնելու անհագ ցանկությամբ համակված՝ Խաչիկ Ասրյանը լավ գումարներ էր ծախսել։ Բայց քանի որ բնույթով շատ ագահ էր ու կրկնակի նացիստ, չէր կարող հանդուրժել, որ երկնքում բացի իրենից ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի պես արծիվներ են սավառնում։ Աֆեկտիվ վիճակում որոշեց կրակել դրանց․․․ ու վրիպեց։ 
Ի հեճուկս նրան՝ չվրիպեց 1945-ին Գերմանիայի մի մասը գրաված ՀՀՇ-ն՝ Լևոն Տեր-Պետրոսյան գլխավորությամբ։ Լևոնին իր բեղերով ու երկաթյա դրվածքով չէր կարող հակաճառել և ոչ մի մահկանացու, ու քանի որ ինքն իրեն արքայից արքա էր համարում, Գերմանիային ներարկեց նույն բարքերը, ինչն իր ժողովրդին էր ներարկել։ Ավելի պարզ. բոլորը բոլորին փուռն էին տալիս, մատնում ու բոնուսներ կուտակում։
Ինչպես յուրաքանչյուր նորաթուխ իշխող դասակարգ, 1945-ից սկսած ՀՀՇ-ն միայն խոստումներ էր տալիս ու թալանելուց բացի ոչինչ չէր անում։ ՀՀՇ-ի առաջնորդը հետապնդման պարանոյայով տառապեց մի որոշ ժամանակ, մի լավ անիծեց երկրի տնտեսությունն ու բնակչության կենսամակարդակը, քայքայեց իրական ու արդեն կայացած արժեհամակարգը, լացացրեց հույսն ու կզցրեց նույնիսկ ամենափոքր լույսը, որ երևում էր թունելի վերջում։ 1945-89 թվականները ՀՀՇ-ն էդ թունելով էս երկիրը տարավ, թունելով էլ հետ բերեց նույն տեղը։ Այդ տարիների ընթացքում ոչինչ չփոխվեց, ու միայն ՀՀՇ-ի հեռանալուց հետո մի քիչ հույս ծնվեց ու քայլ առա՛ջ գնաց Գերմանիան։ 
            Ի դեպ, հենց նույն ՀՀՇ-ի տարիների Գերմանիայի քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի թեթև ձեռքով այլասերվեց Բեռլինի դիմագիծը։ ՀՀՇ-ն լավ ռմբակոծել էր քաղաքը, հավասարեցրել այն հողին: 
Բայց չէ որ հնարավոր էր վերականգնել մինչպատերազմյան Բեռլինի ոգին՝ կառուցելով նոր, բայց հին ոճի շինություններ։ Սակայն Գերմանիայի «քաղաքը շինելու» գերատեսչության պատասխանատու, բնավորությամբ կոմունիստ ու մասշտաբասեր Սարգսյան Նարեկը որոշեց ոչնչացնել քաղաքի ճարտարապետությունը, դարձնել այն նույնքան քառակուսի, որքան հենց ինքն է։ Այժմ, երբ քայլում ես Բեռլինում, օդում կախված է սովետականացման շրջանի շունչը։ Պահպանված շքեղ ճարտարապետական գլուխգործոցների կողքին վեր են խոյանում սովետական մտածելակերպի պես միանման և ուղղանկյուն կառույցները, որոնք նողկանքից  բացի, այլ զգացողություն չեն առաջացնում։
            Ափսոս, որ սովետները շուտ վրա հասան։

            Գերմանիայի կրթության և գիտության Աշոտյանը մասնագիտությամբ բանասեր է։ Այո՛, այո՛, հենց բանասեր։ Ու աննպատակ բան-ման չի խոսում, այլ գործում է։ Եվ նրա կրթական քաղաքականությունը չի սահմանափակվում իշխող դասակարգի տաղտկալի քաղաքականությամբ։ Գերմանիայի Արմեն Աշոտյանի փայլուն գլուխն այնքան է զարգացրել համակարգը, որ միայն Հալլեում (այն քաղաքում որտեղ ես եմ աշխատում), 230.000 բնակիչներից 50.000-ը ուսանողներ են։ 50/000-ից 20000-ը՝ օտարերկրացի (ինքներդ հաշիվ արեք, թե ողջ Գերմանիայում որքան օտարերկրացի ուսանող է կրթվում)։ Կրթության մակարդակն ավելի բարձր է, քան Արագած լեռան «չորսը գագաՏներիԾ» որևէ մեկը։ Գերմանիայում կրթությունն  ու գիտությունն իսկապես «Աշոտյան» են։

Այժմ
․․․ ինչ ճիշտն է՝ ճիշտ։ Գերմանիայի Գագիկ Բեգլարյանին կարելի է ազգային հերոսի կոչում տալ, որովհետև այնքան համակարգված տրասպորտային ենթակառուցվածք, ինչպիսին Բեռլինն ու Գերմանիան ունեն, չունի եվրոպական և ոչ մի երկիր կամ քաղաք։ Google maps-ի ճշգրտությամբ է աշխատում էս երկրի ողջ տրանսպորտային հանգույցը։ Եթե «սուրբ չվացուցակում» ասված է, որ Ա կետից Բ կետ կհասնես 31 րոպե 42 վայրկյանում, ապա դու իրոք կհասնես 31 րոպե 42 վայրկյանում: Ո՛չ ավել, ո՛չ էլ պակաս։
            Այնպես որ, ռեսփեքթ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին։

Գերմանիայի Հասմիկ Պողոսյանին առհասարակ արժե սրբադասել։ Գերմանական միջին վիճակագրական քաղաքում մեկ շաբաթվա ընթացքում ավելի շատ մշակութային միջոցառումներ են տեղի ունենում, քան ողջ Հայաստանում՝ ամբողջ տարվա կտրվածքով։ Թանգարանները միշտ զբաղված են, այցելուները տոմսերը ձեռք են բերում մի քանի շաբաթ առաջ, որովհետև անհնարին է տեղում տոմս գտնել։ Հասմիկն այստեղ անում է ամեն ինչ, որ հանրությանը կարողանա ծանոթացնել համաշխարհային մշակույթին, արվեստի լավագույն նմուշներին՝ այդպիսով գերմանացի հանրության մեջ ներդնելով բարձրակարգ ճաշակն ու սերը գեղեցիկի նկատմամբ։ Հասմիկը մեջտեղից երկու կես է լինում, որ, օրինակ, նկարիչները երբեք չզգան արվետանոցների տարածքների կամ նյութերի պակաս, որ երբեք չափսոսան, որ ընտրել են հենց այդ մասնագիտությունը։ 
Այն հին գործարանները, որոնք այլևս չեն գործում,  պետականացվում են ու հանձնվում են մշակութային տարաբնույթ կազմակերպություններին։ Մի վառ օրինակ էր Լայպցիգի տեքստիլ գործարանը, որը զբաղեցնում էր 4,5 հեկտար տարածք։ ՀՀՇ-ի ու դրա սովետական բարքերի հեռանալուց հետո Գերմանիայի Հասմիկ Պողոսյանը կառավարության հետ կարճատև ու բովանդակալից քննարկումից հետո նվիրում է չգործող բոլոր գործարանները մշակութային հարյուրավոր օջախներին։ Այսպիսով հնարավոր է դառնում արագորեն խթանել արվեստի սկսնակ և փորձառու ներկայացուցիչների հետագա աճն ու աճող պահանջմուքները։ Մի խոսքով, մոլոդցա կնիկ, ղայդին տիպ ա։

            Չեմ կարող չհիշատակել Գերմանիայի Վլադիմիր Գասպարյանին։ Բեռլին եկա մի շատ յուրահատուկ շրջանում։ Այստեղ պիտի կայանար իտալական Յուվենտուսի ու կատալոնական Բարսելոնայի ֆուտբոլային հանդիպումը։ Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն եվրոպական բոլոր պետություններից Գերմանիա էր ժամանել ավելի քան 500
000 երկրպագու։ 
Գերմանիայի Վլադիմիր Գասպարյանի գլխավորած գերատեսչության աշխատակիցներն այնքան համահունչ ու պրոֆեսիոնալ էին գործել, որ չէր արձանագրվել երկրպագուների բախումների նույնիսկ եզակի դեպք, չեղավ նույնիսկ չնչին ու աննշան ծեծկռտուք։ Առավոտյան կարդացի, որ Բեռլինի ոչ մի հիվանդանոց չի դիմել անձ, ով իր մարմնական վնասվածքը կպատճառաբաներ ֆուտբոլի երկրպագուների բախումով, երկրպագուների ագրեսիվությամբ ։
            Այս երկրում դժվար է ոստիկան տեսնել փողոցներում, բայց նրանք այնքան արդյունավետ են գործում, որ, չլինելով աչքիդ առաջ, ամենուր են։ Որևէ շենքի առաջին հարկի պատուհան ճաղապատված չէ։ Դու կարող ես հեծանիվդ առանց ամրացնելու թողնել մեծ հանրախանութի առաջ, մեկ շաբաթ անց վերադառնալ նույն տեղն ու հեծանիվդ քշելով հեռանալ (թե չէ հեծանիվդ ու՞մ է պետք, միևնույնն է, բոլորն ունեն)։
            Առանձին հարգանքներ ոստիկաններին (չնայած, որ հաճախ ականջօղերով են, անհասկանալի բեղ - մորուքով ու լիքը տատուներով)։

            Ի դեպ, Յուվա – Բարսա խաղի հիշատակումից հետո չեմ կարող չնշել Գերմանիայի Ռուբեն Հայրապետյանի գլխավորած Ֆուտբոլի Ֆեդերացիայի աննախադեպ հաջողությունները։
            Դե հո զոռով չի, նեմեցները ֆուտբոլում միշտ էլ լավն են եղել, էլի։

Մի՛ նմանություն կար միայն, որ աչքի զառնեց. Գերմանիայի Լֆիկ Սամոն նույնպես «հեծելազորի» ուղեկցությամբ է շրջում, ճիշտ է շատ ավելի ճաշակով է Բեռլին-Սեբաստիայի Լֆիկը, որովհետև «Ֆեռռարի լա Ֆեռռարի» է վարում, սակայն պոչից «հետևակների» երեք մեքենաներ կային, որոնք, ընկերներիս հավաստմամբ, սրբորեն պահպանում էին նրա անվտանգությունը, քանզի մարդ է, որի վճարած ամսական հարկն ավելին է, քան ՀՀ պետական տարեկան բյուջեն։     

            Մինչև Բեռլին մեկնելս էլ զրուցում էի տեղական հեռուստաընկերություններից մեկի  տնօրենի հետ, ով պատմեց, որ իրենց մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ում նրանք ընկերաբար և քնքշորեն Լիսկա են անվանում, մինչև վերջերս բնակարան չուներ ու վարձով էր ապրում մարզկենտրոն Մագդեբուրգում։ Երբ կարողացավ աշխատավարձից գոյացած գումարից մի քիչ հետ գցել, գնեց իր համար երկու սենյականոց բնակարան Մագդեբուրգի ծայրամասում, մի էկոնոմ դասի ավտոմեքենա որդու համար, իսկ իր համար՝ նոր հեծանիվ (որովհետև հինն արդեն խարխուլ էր)։
Սաքսոնիա-Անհալտ երկրամասի մարզպետին, որքանով հասցրեցի հասկանալ, այնքան են սիրում, որ քիչ է մնում խնդրեն ցմահ մնալ այդ պաշտոնում։ Իրենց Լիսկան շատ բարի է։
Գերմանիայի Երվանդ Զախարյանն «ամենավախենալու» դեմքերից է էս երկրում։ Նա «լկտիաբար» խրախուսում է տնտեսական զարգացումը։ Հլա դա հեչ, մի բան էլ ամբողջ աշխարհի վրա նաղդում է արտադրանք, որը լավագույններից մեկն է համարվում աշխարհում։ <<Տականքը>> ամոթ էլ չի անում։ Այնքան է հղփացած, որ արգելել է բոլոր մոնոպոլիաները։ Նա խստիվ կտրել է բոլոր այն բիզնեսատերերի ձեռքերը, որոնք փորձում են անօրեն ճանապարհով գրավել շուկան ու կառավարությանը թելադրել իրենց ուզածը։
            Նույն ոգով է գործում նաև Գերմանիայի Գագիկ Խաչատրյանը (դե, գլխավոր հարկահավաքն, էլի): Խաչատրյանի աչքից չի վրիպում պետությունից թաքցված նույնիսկ 1 սենթ։ Պատկերացնու՞մ եք՝ չի թողնում էս մարդիկ հանգիստ գողանան, փշերի վրա է պահում խեղճուկրակ բիզնեսմեններին։ Երկու շաբաթ առաջ էր՝ կարդացի, որ Գերմանիայի Գագիկ Խաչատրյանն անձամբ է ժամանակ առ ժամանակ մեկնում տարաբնույթ հիմնարկներ ու աուդիտ անցկացնում։ ԱՆՁԱ՛ՄԲ։

            Գերմանիա Գալուստ Սահակյանը զուտ հսկիչի դեր է կատարում։ Նրա խնդիրն է հայտարարել օրակարգերը, ընդմիջումները։ Սեփական տաղտկալի ու դատարկ, անհասկանալի ու «անբռնազբոս», սյուռեալիստական մտքերով ու մեկնաբանություններով գերմանական Գալուստ Գրիգորիչը մինչև օրս աչքի չի ընկել։ 

Մարդն իր անելիքի սահմաններում է մնում, ամբաղ-զամբաղ աշխատում է չխոսել։
Նրա տեղակալներին ճանաչում են միայն Ռեյխստագի պահակները, որովհետև առավոտյան շատ շուտ են գալիս աշխատանքի, իսկ տուն են վերադառնում երեկոյան շատ ուշ և հոգնած։
            Օրինակ՝ Գերմանիայի ազգային ժողովի Էդուարդ Շարմազանովն օժտված չէ ամորձիների այնպիսի շառավիղով, որն իրեն թույլ կտար պիտակավորել ու փնովել, գազ տալ յուրաքանչյուր մեկի վրա, ով կփորձեր մի թթու խոսք ասել կառավարության, դրա ղեկավարի և այդ դիապազոնի այլ պաշտոնյաների հասցեին։ Հա, մեկ էլ իրենց Էդուարդ Շարմազանովը թլոշ չէ  (ճշտել եմ)։
            Գերմանիայի Ազգային ժողովի շմայսը, ճոյտը, բենզինը, շիշը, պիվեն, բուռնաշն ու մյուսներն էնքան պուպուշ են, որ քիչ է մնում հավաքես, տանես տանը մի քիչ պահես։

            Առանձին պետք է նշել ու հարգանքի տուրք մատուցել Գերմանիայի Էդվարդ, բայց արդեն Նալբանդյանին։ Այ ախպեր, էս ազիզ դիվանագետն այնքան հմուտ է իր աշխատանքում, որ գործում է՝ ելնելով միա՛յն Գերմանիայի Դաշնային Հանրապետության ու գերմանացիների շահերից։ Աշխատանքային օրվա ընթացքում գործերն այնպես է պլանավորում, որ օրվա կեսին արդեն ավարտած է լինում հիմնական անելիքը, դեռ մի բան էլ բավականին ժամանակ է մնում խառնվել այլ պետությունների արտաքին հարաբերություններին։ Էդ քիչ է, մի բան էլ խառնվելուց բացի հասցնում է նաև կարգավորել դրանք։  

            Տեսնես սրանք ի՞նչ են ծխում, որ սենց լավ են աշխատում։
            Ի դեպ, Գերմանիայի արտաքին քաղաքականության ու դրա «առաջամարտիկի» մասին ։  

            Պատկերացնու՞մ եք, Գերմանիայի Հովիկ Աբրահամյանը կի՛ն է։ Չեմ խաբում։ Զգացե՛ք
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆռաու Հովիկ Աբրահամյան։ Արդեն երկար տարիներ է, ինչ Գերմանիայի Հովիկ Աբրահամյանն իր ուսերին տանում է ողջ Եվրամիության տնտեսական բեռը, համակարգում է Եվրոպայի աշխարհաքաղաքական դիրքորոշումը, լեզու գտնում բոլորի հետ, զոհաբերում է անձնական կյանքը, մտածում է գերմանացիների բարեկեցության, Գերմանիայի բարգավաճման ու հզորացման մասին։ Ճիշտ է, մի թերություն ունի։ Գերմանիայում շատ են Գագիկ Ծառուկյանները։ Նրանք չափազանց հարուստ են և իրենց իրական լուման են ներդնում ԳԴՀ դրամապանակում, բայց Գերմանիայի Հովիկ Աբրահամյանի ֆայմը չի հասնում բարեկամանալ նրանցից որևէ մեկի հետ։
Տեսնես ինչու՞։ Կարո՞ղ է՝ ճիշտ չընկալվի։
Չգիտե՛մ։ Մեկը լիներ, գլխի գցեր։ Չնայած… Մյուս կողմից էլ միգուցե աշխատանքը խանգարի բարեկամական հարաբերություններին ու «բամփելու» խնդիր առաջանա։ Երևի խուսափում է նման իրավիճակներից։
Փաստ է, որ ԳԴՀ կանցլեր Հովիկ Աբրահամյանը քուչի մասշտաբով «ամենահզոր տղեն ա», որովհետև չի խուսափում քննադատություններից ու երկխոսությունից, սխալներն ընդունելուց, այդ սխալներն անհավանական կարճ ժամկետներում լուծելուց, ի շահ ու ի նպաստ իր ժողովրդի, սեփական կյանքի թանկարժեք օրերը, ժամերը, վայրկյանները զոհելուց։
Կանցլեր Հովիկ Աբրահամյանի պատվին, վստահ եմ, մի օր արձան կկանգնեցնեն Բեռլինի կենտրոնում։

            Ի վերջո, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սերժ Սարգսյան։
Կներեք, տեղեկատվություն չունեմ, որովհետև Գերմանիայում նրան ընդամենը ճանաչում են իր կինը, ընտանիքի մի քանի այլ անդամներ, քարտուղարուհին (դա էլ է մի քիչ կասկածելի) և 26 տարի առաջ նրան հեծանիվ վաճառած ինչ-որ ռուս խանութպան, որին, ցավոք, գտնել չհաջողվեց։ Սակայն հավաստի տեղեկություններ կան, որ հեծանիվն արդեն կոտրվել է, ու Գերմանիայի Սերժ Սարգսյանը երթևեկում է մետրոյով։
            Մարդ ես, գուցե մի օր բախտ վիճակվի ու մետրոյում նրան հանդիպեմ։

Հ
ԳՈր հանդիպեմ, անպայման կպատմեմ, թե ինչպիսի մարդ էր։
      

Комментариев нет: