понедельник, 24 июля 2017 г.

Նրանից գաղտնի

Նախաբան
Իսկ դու գաղտնիք ունե՞ս։ Իհարկե՛։
Գաղտնիքը բորբոսի պես բան է։ Կարող ես թափել այն զուգարանը, կարող ես քերել ու վրայից կրկին ներկել, կարող ես չնկատելու տալ, կարող ես քանդել ու տանել մի աղբանոցում թափել, կարող ես քողարկել՝ դիմացը կահույք դնելով, կարող ես ուղղակի համակերպվել դրա գոյության հետ։ Գաղտնիքը բորբոս է, այն չի կորում, այն ուղղակի մի տեղից տեղափոխվում է մեկ այլ տեղ։
Դու գաղտնիք ունես, իսկ իմ բորբոսը ցնդել է։ Հա, հենց էդպես, որովհետև ես իմ բորբոսը չեմ անտեսել, ես այն զարգացրել եմ ու դա արել եմ մեկ այլ մարդու հետ, որ չնեղվեմ դրա գոյությունից, այլ համարձակորեն կիսվեմ էդ անպիտան ու միաժամանակ էական երևույթով։

Կին
Նա քնած է, իսկ ես ականջակալները ականջիս լսում եմ որակով մուզոն ու հիանում հեռվում, 50-60 կիլոմետր այն կողմ հողը ծեծող կայծակով։ Կրակայրիչս հաճախ է միանում։ Էդ ճտոցի վրա գուցե վեր է թռնում, հասկանում, որ հերթական ծխախոտս միացրի, ջղայինանում է, բայց հասկանում, որ դժվար թե կարողանա արգելել ինձ ծխել ստեղծագործելիս ու նորից հանգում է։ Աչքերը փակելիս նա պատկերացնում է մեր նոր բնակարանի երկրորդ հարկը, աստիճանների կառուցվածքը, երկմետրանոց առաստաղները ներքևում ու մի քիչ թզուկ առաստաղները՝ վերևում։ Նա քանդում է մեր նոր բնակարանի պատերը ու զրոյից, կարծես 3D ծրագում, սկսում հավաքել ողջ տունը։ Գեղեցկուհիս հոգնում է, բայց երազել սիրում է։ Նրա օրը օր է, երբ խելացի ուղեղը կառուցում է մեր ապագան՝ բոլոր ճանապարհորդություններով, նկարահանված տեսանյութերով ու ծաղկամաններում ապրող ծաղիկներով, որոնք նա չի սիրում, բայց անկասկած կխնամի մեր նոր տանը։ Իմ աղջիկը՝ իմ աղջիկն է։ Իմ սիրուհին է։ Նա իմ ընկերն է․․․ ամենամոտ ընկերը։ Ինձ հետ առավոտը, լուսաբացին այրող արևի շողերից խույս տվողը, իմ կռվարարը, իմ դուխ տվողը, իմ քննադատը, իմ ճանապարհ հարթողը, իմ բողոքողը, իմ երկրորդ ձեռքը, աչքը, իմ 6-րդ զգայարանը, իմ անդադար գործող կայարանը դեպի ավելի մեծ նպատակներ։ Ես նրանից եմ գնում իմ բոլոր "տոմսերը" դեպի հավերժություն, միտք։ Թռչնակս շքեղ է։  
Մինչև ամուսնությունը կարծում էի, թե ու՞մ է պետք կյանքը, որ կապված է մեկ այլ կյանքի։ Դա նման է վարկառույի, որը ստիպված է ամեն ամիս տոկոսներով բանկին գումար վերադարձնել, ի՞նչ է նա պարտքով փող է տվել։ Հետո գալիս է երկրորդ փուլը։ Մի երկու-երեք ամիս փակում ես վարկիդ գումարի տոկոսը ու սովորում դրան։ Երրոդ փուլում, դու հասկանում ես, որ պատրաստ ես էդ բանկից հերթական վարկը վերցնել։ Իսկ վերջում, որ առանց էդ "սիրո" վարկի ապրել չես կարող։ Այն գուցե քեզ մի քիչ նեղի, միգուցե չհասցնես մարել ժամանակին, բայց ամեն ինչ կանես, որ անունդ ու տողդ կանաչ մնա։
Չէ, չկարծեք թե սերը վարկ է, պարզապես օրինակը տեղին էր այնքանով, որքանով մեր երկրի բնակչության ուղիղ 58 տոկոսը՝ տոկոս  է մուծում բանկերին, տեղյակ է այդ զգացողությունից։ Մասսայական է, մի խոսքով։ Բայց նույնքան հաճելի ու կրքոտ, որքան սիրային տոկոսը՝ բանկային տոկոսը լինել չի կարող։ Մենք պարտավոր ենք մուծել մեր երջանկության տոկոսը մեր սիրելիին, որ ինքն էլ իր հերթին մուծի իր փայը։ Սա հարաբերությունների կատարյալ փոխգործակցությունն է։

Դրսում  մութ է, ճանապարհային ոստիկանները օրինախախտներին են բռնում, տաքսիստները ուշացածներին են տեղ հասնում, հայրերը շտապում են տուն, ռեստորանները կամաց-կամաց դատարկվում են, քաղաքի լույսերը պայծառ վառվում են ու ինձ հաստում են ժամանակի խողովակով՝ մի քիչ այլայլված։ Ես գրում եմ իմ երջանկության մասին, որը որոշեց ննջել ավելի շուտ, որ առավոտյան վաղ արթնանա։
Երբ կայրվի իմ վերջին միտքը, ես էլ կգնամ քնելու։ Բայց մինչ այդ կասեմ քեզ, թե որքան եմ քեզ սիրում, որքան ճանապար եմ կտրելու հետդ ոտքով, հեծանիվով, մեքենայով, ինքնաթիռով, տիեզերանավով ու մտքով․․․ որքան կտրեմ, այնքան ավելի մոտ եմ լինելու ոչ թե նպատակիս, այլ հենց քեզ․․․

Քեզ սիրելը քամի է, այն եթե Երևանում չէ, ապա հաստատ Հնդկական կամ Ատլանտյան օվկիանոսի վրա է, արկտիկայում կամ Գրենլանդիայում, Պեկինում կամ Կարիբյան կղզիներում։ Փաստ է, որ կա, այն միշտ կա, մոլորակի վրա սավառնող հզոր ուժի թևերով։
 

Traveler



Մեր ճանապարհորդությունների մասին պատմող փոքրիկ տեսանյութ